Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/288

Այս էջը հաստատված է

և խնդրեց, որ անմիջապես վաճառե, առանց գինին մասին դժվարություններ հարուցանելու։

− Հինգ ոսկի վեր, հինգ վար, այսօր անպատճառ ամենքն ալ ծախե ու իրիկունը դրամները բեր,− ըսավ Աբրահամ աղայի, երկուշաբթի առտու բոլորն ալ անոր հանձնելով։

Ոսկերիչը խոստացավ տիկնոջ խնդիրը կատարելու ու և իրավ ալ նույն իրիկունը վերադարձավ հետը բերելով 42 ոսկի ու զանոնք հանձնեց Երանիկի՝ ըսելով.

− Եթե այսպես չաճապարեիր ու քանի մը օր միջոց տայիր ինձի, գուցե այդ գոհարեղենները 50 ոսկի ալ բռնել կուտայի, այսուհանդերձ նորեն շատ չխաբվեցար։

Երանիկ ուրախությամբ ոսկիները գրպանեց և շնորհակալություն հայտնեց։

Հիմա կմնա տան կարասիները ծախելու գործը, խորհեցավ։ Բայց ասիկա ավելի դժվար էր, մանավանդ որ հարկ էր Սարը Յար երթալ և գոնե մեկ քանի օր հոն մնալ այդ գործը գլուխ հանելու համար և սոսկումով կխորհեր, թե հավանորեն հոն Ղուկաս էֆենտիի հետ դեմ առ դեմ գալու և միասին բացատրություն մը ունենալու պիտի ստիպվեր, ու այս բանը անհանդուժելի կթվեր իրեն։ Եվ սակայն հարկ եղավ, որ ամեն բան աչքը առնելով՝ վերադառնա Սարը Յար։

Երեքշաբթի օր, դրամները Աբրահամ աղայի քով պահ տալե ետքը, Մաննիկի հետ դարձավ գյուղ, խոստանալով գործերը մինչև հինգշարթի լմնցնել և նույն օրը կամ ուրբաթ կրկին Կետիկ Փաշա գալ։

Սպասուհին մեծ ուրախությամբ ընդունեց զինքը։

− Հանըմըս, աս ո՞ւր մնացիր, երեկվընե ի վեր մտմտուքի մեջ ինկանք,− գոչեց դուռը բանալով.− Ղուկաս էֆենտի երկու անգամ է կուգա, քեզ կփնտռե, երեկ իրիկուն ալ հոս մնաց և այս առտու գացած ատենը պատվիրեց, որ գալուդ պես իմացունես, որովհետև մտատանջության մեջ մնացեր է եղեր։

Երանիկ պաղությամբ կտրեց սպասուհիին խոսքը, հետո խոհարարուհին կանչելով հաշիվը տեսավ ու ճամփեց, ըսելով որ քանի մը օրեն պիտի մեկներ Պոլիսեն, հետևաբար պետք չուներ իրեն այլևս:

Հետևյալ առտու կանուխ ժողովեց բոլոր այն անհրաժեշտ առարկաները, որոնց պետք պիտի ունենար ինք և նավ դնել տալով