Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/289

Այս էջը հաստատված է

Պոլիս իջեցուց, ուր նախապես եղած կարգադրության մը համեմատ Աբրահամ աղա զանոնք պիտի փոխադրեր իր տունը։ Մինչև իրիկուն այսպես տենդային գործունեության մը մեջ անցնելե ետքը, տիկին Երանիկ իր աղջկան հետ դուրս ելավ քիչ մը օդ առնելու համար։

− Ալ հիմա գործին դժվարին մասը լմնցավ,− կմտածեր գոհունակությամբ ժուռ գալով ծովեզերքը,− տան մեջ մնացած ավելորդ կարասիներն ալ վաղը կծախեմ կլմնցնեմ և, եթե հաջողիմ, հինգշաբթի օր շոգենավ կնստիմ կերթամ։

Երկու օրե ի վեր իր ըրած վճռական կարգադրությունները տեսակ մը հոգեկան թեթևություն ու զվարթություն տված էին իրեն և այլևս անցած էր մեկ քանի օր առաջվան ջղագրգիռ վիճակը։

Նավամատույցին մոտ հասնելով, փափաք զգաց ծովեզերյա զբոսարանը նստելու և գարեջուր մը խմելու։ Վերջին օրերը կզգուշանար գեղեն դուրս ելլելու և այդպիսի վայրեր նստելու առանձին, որովհետև ժամանակե ի վեր մեկ քանի անձեր իր ետևեն կհետապնդեին, կռահած ըլլալով, որ առանց ամուսնի կին մըն էր, որ տանը մեջ բարեկամներ կընդուներ ու անոնց հետ կզվարճանար։ Բայց այլևս պետք չզգաց ինքզինք ծածկելու։

− Վաղը պիտի ձգեմ երթամ, ալ ով որի,– ըսավ ինքնիրեն, մեյ մըն ալ գուցե Սարը Յարի երեսը տեսնելիք չունիմ։

Ու Մաննիկի հետ գնաց նստավ զբոսարանը։

Կամուրջեն եկող շոգենավը, երբ մոտեցավ նավամատույցին, Երանիկ սկսավ դիտել դուրս ելլալները։

Հանկարծ նշմարեց Ղուկաս էֆենտիին, որ կամաց-կամաց ու մտատանջ երևույթով կհառաջանար։

Այս երևումը ոևէ շփոթություն կամ հուզում չպատճառեց իրեն. արդեն առտըվնե խորհած էր, որ գուցե քեռայրը կրկին գար և աչքը հառած էր վերջնական տեսակցություն մը ունենալու հետը, ուստի ամենայն հանդարտությամբ ըսավ աղջկանը.

− Մաննիկ, ահա Ղուկաս էֆենտին, որ շոգենավեն ելավ ու անշուշտ մեզի կերթա կոր, վազե ետևեն և ըսե, որ ես հոս նստած եմ, թող հոս գա։

Աղջիկը փութաց մորը հրամանը կատարելու։

Քիչ հետո վաճառականը ուրախ և ժպտուն երևցավ, Մաննիկի ձեոքեն բռնած։