ըսավ քահանան,− աննշան մեկու մը զավակն է եղեր, հոր մեռնելեն ետքը պզտիկ հասակին Փարիզ գացեր է մորը հետ և հոն ինքնօգնությամբ հարստացեր ու դիրքի տեր է եղեր… մայրը իրեն օգներ է սակայն։
− Մայրը դրա՞մ ունի եղեր։
− Ոչ, դրամ չէ, բայց Փարիզ բարեկամներ ունի եղեր… այդ բարեկամները տղուն պաշտպան կեցեր, արհեստ սովրեցուցեր, ետքն ալ օգներ են գործի մեջ… մայրը երիտասարդությանը շատ գեղեցիկ կին մըն է եղեր, զինքը մոտեն ճանչցողները այնպես կըսեն կոր։
Տ. Միքիաս լեզվին տակ բաներ մը ուներ ըսելիք, բայց այսչափով գոհացավ, մանավանդ թե Ղուկաս էֆենտի այդ տեղեկություններեն հետաքրքրվելու երևույթ չուներ, ընդհակառակը, խոսքը փոխելու համար, հանկարծ հարցուց.
− Այս կիրակի պատրիարքը հո՞ս պիտի պատարագե եղեր։
− Այո,− պատասխանեց Տ. Միքիաս,− Նորին Սրբազնությունը Թաղական Խորհուրդին հրավերին վրա որոշած է կիրակի օր Ս. Երրորդության եկեղեցին պատարագելու։ Ցերեկվան ճաշին ալ Աբգար էֆենտին տունը հրավիրած է… ինծի հետ։
Սրահի դուռը կրկին բացվեցավ և տիկին թագուհի ու երկու աղջիկները՝ Ռոզիկ ու Նոյեմի՝ ներս մտան։
− Բարի եք եկեր, հայր սուրբ,− ըսավ տիկինը տաներեցին ձեռքը համբուրելով, մինչ Տ. Միքիաս կըսեր.
− Օրհնյալ ըլլաս, աղջիկս։
Ռոզիկ և Նոյեմի իրենք ալ իրենց կարգին եկան աջահամբույրի և արժանացան «օրհնյալ ըլլաս»-ներու։
− Սա ի՞նչ գեղեցիկ արդուզարդեր ըրեր եք այսօր, թատրո՞ն պիտի երթաք, ո՞ւր պիտի երթաք,− հարցուց Տ. Միքիաս, որ ինչպես ըսինք, արդեն գիտեր ուր երթալիքնին։
− Չէ,− մեջ նետվեցավ Ղուկաս էֆենտի,− Գատը գյուղ պիտի երթանք, շատոնց է խոսք տված էինք Մարկոս էֆենտիենց։
− Ալ Ռոզիկս շենք շնորհք հարսնցու աղջիկ եղեր է,− շարունակեց քահանան, որ հաճույք կզգար Ղուկաս էֆենտիին շփոթության մատնելով,− ե՞րբ պիտի նշանենք զինքը, Թագուհի հանըմ:
− Աստված երբոր կամենա,− պատասխանեց տիկին Թագուհին, մինչև Ղուկաս էֆենտի անհամբեր գոչեց.