Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/290

Այս էջը հաստատված է

− Վերջապես մեջտեղ ելար,− գոչեց Երանիկի քով գալով,– աս ինչ մտմտուքի մեջ ձգեցիր մեզի քանի օրե ի վեր։

− Իրար անցնելու ի՞նչ կա որ.− պատասխանեց Երանիկ թեթև ժպիտով,− մի՞թե ազատ մեկը չե՞մ, ուզած կողմս չե՞մ կրնար երթալ… արդյոք վախցար որ կորսվա՞ծ եմ։

− Չէ, բայց գոնե գացած տեղդ կրնայիր իմացնել։

− Պետք չտեսա։

− Ինչ որ է, հիմա մեջտեղ ելար, անկե աղեկը չի կա․․․ վախցա, որ այս իրիկուն ալ եկած չես ըլլար ու նորեն օթելը պառկելու կստիպվիմ։

− Դժբախտաբար կարծեմ նորեն պետք պիտի ըլլա այնպես ընել։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Ղուկաս էֆենտի զարմացած երևույթով մը։

− Որովհետև տանը մեջ միայն մեկ անկողին կա, ուր ես ու աղջիկս միասին պիտի պառկինք։

− Մյուս անկողինները ի՞նչ ըրիր։

− Անոնք այսօր բեռցուցի ու Պոլիս ղրկեցի։

Վաճառականը նախ չուզեց հավատալ։

− Կատա՞կ կընես կոր,− ըսավ խնդալով։

− Կատակի բան չի կա, ըսածս բացարձակ ճշմարտություն է, եթե չես հավատար, կրնաս տուն գալ և աչքովդ տեսնել։

− Արդեն բնականաբար տուն պիտի գամ, կերակուր ունիս հարկավ… և եթե անկողին չկա, ետքը կմտածենք, թե ինչ ընենք։

− Անշուշտ տանը մեջ ուտելիք բան մը կգտնենք, միայն թե ուրիշ անգամներու պես շենք շնորհք ճաշ մը չպիտի կրնամ ընել։

− Վա՞յ, ինչո՞ւ․․․

− Որովհետև խոհարարուհին այսօր ճամփեցի։

− Ի՞նչ ըրավ որ։

− Բան մըն ալ չըրավ, միայն թե այլևս պետք չունեի իրեն, քանի որ մեկ-երկու օրեն կմեկնիմ։

Ղուկաս էֆենտի զգաց, որ քենիին ըսածները կատակ չէին և թե խիստ լրջորեն կխոսեր և պզտիկ սրտնեղություն մը զգաց, սակայն ինքզինքը զսպեց ու հայտնի ընել չուզեց։

− Ինչ որ է,− ըսավ փիլիսոփայաբար,− ինչ որ գտնանք, ան կուտենք․․․ կհուսամ, որ տաք կերակուր մը պատրաստել տված ես և սպասուհին ալ չես ճամփած խոհարարուհիին հետ։