Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/292

Այս էջը հաստատված է

իր քենին ճշմարիտ խոսած էր։ Սենյակները գրեթե դատարկված էին և միայն ավելորդ կարասիներ մնացած, սպասուհին՝ իր տիրուհիին պատվերին համեմատ՝ միայն տեսակ մը կերակուր պատրաստեր էր։ Հարկ եղավ անով ու քիչ մը պանիրով գոհանալ։ Ճաշեն ետքը Երանիկ իր օրվան մեջ չափազանց հոգնած ըլլալը պատրվակելով, ըսավ թե ննջելու պիտի երթար և աղջիկը թևը առնելով՝ վերի սենյակը գնաց։

Ղուկաս էֆենտի հարաճուն կատաղությամբ մը կրեց այս ամենը, հետո տեսնելով որ ճար չի կար, ինքն ալ ֆեսը դրավ և ելավ կրկին Պեոյուք Տերե պանդոկ մը գնաց, բայց արդեն իր ծրագիրը շինած էր և ճամփան քանի մը անգամ ինքնիրեն կրկնեց.

− Կեցիր, քեզի վաղը կհասկցնեմ այս բռնած ընթացքդ։

Հետևյալ առտու, Պոլիս հասնելով, առաջին գործը եղավ երթալ Քերովբե էֆենտին գտնալ իր վաճառատան մեջ։

− Անմիջապես հեռագիր մը պիտի քաշես Սամսոն,− ըսավ։

− Ի՞նչ հեռագիր,− հարցուց բարեկամը զարմացած։

− Ամասյանին ուղղված հեռագիր մը, սա իմաստով. «Անմիջապես ճամփա ելիր ու Պոլիս վերադարձիր, այսօր իսկ, և ճամփա ելլելդ հեռագրով տեղեկացուր ինծի»։

− Բայց ի՞նչ կա որ…

− Բացատրություն տալու ժամանակ չունիմ, ինչ որ կըսեմ, ան ըրե ու հիմա աչքիս առջև հեռագիրը գրե։

− Շատ աղեկ, էֆենտիս, գլխուս վրա,− պատասխանեց մյուսը։

Ու նույն վայրկյանին Ղուկաս էֆենտիին հրամանը կատարեց։

− Կարելի է մինչև իրիկուն պատասխանը կուգա,− ավելցուց վաճառականը,− հեռագիրը առնելուդ պես ինծի ղրկե։

− Անհոգ եղիր այդ մասին։

Ու վաճառականը գնաց իր գրասենյակը։

Իրիկունը, ուշ ատեն, Երանիկի ամուսինը հետևյալ հեռագիրը կղրկեր.

«Այսօր ճամփա կելլեմ ավստրիական շոգենավով Պոլիս գալու համար»։

Քերովբե էֆենտի, իր ընդունած հրահանգին համեմատ, հեռագիրը պահարանի մը մեջ դրավ ու ղրկեց Ղուկաս էֆենտիին։

Վաճառականը, որ անհամբեր կսպասեր այս պատասխանին,