Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/294

Այս էջը հաստատված է

− Այս իրիկուն կրկին գալու պատճառը ուրիշ բան է,– պատասխանեց վաճառականը խորհրդավոր կերպարանքով մը։

− Ի՞նչ է տեսնենք։

− Երբ որ տուն երթանք այն ատեն կբացատրեմ։

− Եթե այդպես է, բացատրություն չպիտի կրնամ իմանալ,– պատասխանեց Երանիկ։

− Ի՞նչու։

− Որովհետև այս իրիկուն տուն երթալու միտք չունինք, կամ ավելի ճիշտը, միայն պառկելու համար հոն պիտի երթանք։

− Ի՞նչ, նոր բա՞ն կա դարձյալ,− հարցուց Ղուկաս էֆենտի սրտնեղած։

− Եղածն այն է, որ տան մնացորդ կարասիները այսօր ծախեցի. ինչպես նաև խոհանոցի անոթներն ու սեղանի սպասները, այնպես որ պարտավորված ենք ճաշերնիս այս իրիկուն դուրսը ուտելու։

− Ուրեմն այդպես, որոշումիդ վրա հաստատ մնացա՞ծ ես և Սամսոն պիտի երթա՞ս։

− Այո, հավանորեն վաղը չէ մյուս օր ճամփա կելլեմ, եթե շոգենավ ըլլա և անակնկալ մը չպատահի։

− Էրկանդ միանալո՞ւ համար։

− Բնականաբար։

− Եթե էրկանդ միանալու համար է, կարծեմ մինչև Սամսոն երթալու պետք չպիտի ունենաս,– պատասխանեց վաճառականը չար ժպիտով մը։

Երանիկ ցնցվեցավ։

Բավական ատեն լուռ մնալե հետո, Ղուկաս էֆ․ վերստին սկսավ խոսիլ իր քենիին հետ, իբր թե տարհամոզելու համար զինքը;

Երանիկ, գերագրգռված վիճակ մը ուներ, ոչ մեկ պատասխան տվավ Ղուկաս էֆենտիի խոսքերուն։ Ղուկաս էֆենտի, նկատելով, որ իր խոսքերը ոևէ ազդեցություն չեն ըներ և նույնիսկ Երանիկ անտարբեր և լուռ կմնա, բարկացկոտ երևույթով մեկնեցավ սրճարանեն, ըսելով։

− Այլևս քեզի կմնա որոշումդ տալ, այս համառ ընթացքովդ շատ պիտի վնասես քեզի։

Ղուկաս էֆենտի ճաշելու համար մտավ Սարը Յար ծովեզերյա մեկ ճաշարանը, որ միևնույն ատեն զբոսարան ալ էր։