Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/298

Այս էջը հաստատված է

հասկցնել, որովհետև սարսափելի բարկացած է թե ինձի և թե քեզի դեմ, պետք է որ օձիքը թողունք, մինչև որ ինք ստիպվի կրկին մոտենալու։

− Բայց էրիկը ի՞նչ պիտի ընենք. վաղը առտու շոգենավը կհասնի եղեր։

− Բնականաբար շոգենավեն ելլելուն պես ուղղակի քեղի պիտի գա բացատրություն ուզելու. դուն ալ պաղ ընդունելություն մը կընես ու զինքը ճամփու կդնես, ըսելով, որ այլևս իրեն պետք չունիս․․․ թող քիթերնին գետին քսվի, որ երթան սորվին իմ կամքիս դեմ գործ տեսնելը։

Քերովրե էֆենտի մեկնեցավ և վաճառականը մեկ քանի նամակներ գրել տալե ետքը ժամացույցը նայեցավ և տեսավ, որ կառախումբին հասնելու ատենը եկած էր, ուստի աճապարանքով ուղղվեցավ Սիրքեճիի կայարանը, ուր արդեն քարափին վրա բազմություն խռնված էր, ճեպընթացին սպասելով։

Հանկարծ կառախումբին ժամանումի սուլումը լսվեցավ և կառքերու հոյակապ շարքը եկավ կեցավ քարափին եզրը։ Տիկին Թագուհի, որ գլուխը պատուհանեն դուրս հանած էր, անմիջապես նշմարեց իր ամուսինը, որ անծանոթի մը հետ կխոսակցեր անտարբեր։

− Ղուկաս էֆենտի, Ղուկաս էֆենտի,− պոռաց։

Վաճառականը անմիջապես գլուխը դարձուց ձայնին եկած կողմը և կեղծ ուրախության աղաղակ մը արձակեց։

Վայրկյան մը ետքը Թագուհի հանըմ վար իջած էր վակոնեն ու կհամբուրվեր ամուսնույն հետ։

Թագուհի հանըմին աոաջին գործը եղավ տեղեկություններ հարցնել իր պզտիկ աղջկան մասին, որ գիշերօթիկ դպրոց կգտնվեր։

− Շատ աղեկ է, տեսնելուդ գիրացած պիտի գտնես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− աղվոր, աղվոր դասերուն կաշխատի կոր․․․ քու գալդ իմաց չտվի, որովհետև շաբաթ արձակուրդ ունին։ Եթե իմանար, անպատճառ գալ պիտի ուզեր ու դասերեն ետ պիտի մնար։

− Թող աղեկ ըլլա տե՝ երկու օր վերջը կտեսնանք, վնաս չունի,− պատասխանեց Թագուհի զվարթորեն։

Հետո, կարգը եկավ Ղուկաս էֆենտիին տեղեկություններ հարցնելու իր աղջկան՝ Ռոզիկի ու փեսին վրա։