Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/303

Այս էջը հաստատված է

− Պատիվս փարայի մը պիտի ըլլա,− կհեղեղեր ինքնիրեն։

Վերջապես, կեսգիշերին մոտ, տուն վերադարձավ և գնաց ուղղակի իր սենյակը ննջելու։

Հետևյալ առտու կանուխ արթնցավ ու առանց իր կնոջ երեսը տեսնելու կպատրաստվեր դուրս ելլել, երբ սպասուհին եկավ իմաց տալու, որ տիկինը հիվանդ էր։

− Մարդ ղրկեցեք թող մեր բժիշկը կանչեն,− հրամայեց էֆենտին և դուրս ելավ տունեն։

Խեղճ տիկին Թագուհի իր կրած ծանր հուզումեն հիվանդ ինկած էր. բժիշկը եկավ և հայտարարեց, թե հիվանդը ջղային մեծ տագնապի մը ենթարկված էր և հարկ էր զայն մեծ զգուշությամբ խնամել: Բարեբախտաբար աղջիկը, Նոյեմի՝ նույն օրը եկավ դպրոցեն և անոր ներկայությունը բավական ներգործեց մորը վրա, բայց և այնպես քանի մը շաբաթ հարկ եղավ, որ անկողին մնա։

Ղուկաս էֆենտի անգամ մը փորձած էր երթալ կինը տեսնելու, բայց տիկին Թագուհի զայն սեմին վրա տեսնելուն պես, դուրս վռնտած էր, կրկին ջղային տագնապի մը մատնվելով։ Վաճառականը ալ անկե ետք չէր գացած կնոջ քով: Իրիկունները հանցավորի մը պես տուն կուգար, առանձին ճաշը կըներ ու կրկին դուրս կելլեր և ուշ ատեն կվերադառնար։

− Բայց ասոր վերջը ի՞նչ պիտի ըլլա,− կմտածեր ինքնիրեն,− այս կինը մինչև ետքը սրդողա՞ծ պիտի մնա հետս, այն ատեն շիտակը անտանելի պիտի ըլլա այս կյանքը, պետք է ոևէ միջոցով վերջ տալ ասոր։

Եվ իզուր միջոցներ կորոճար իր մտքին մեջ։

Երանիկեն այլևս լուր չուներ և կենթադրեր, որ Պոլսեն մեկնած ըլլալու էր իր ամուսնույն և աղջկան հետ։ Հիմա տեսակ մը ատելությամբ լեցված էր անոր դեմ։

− Ինքն է բոլոր այս փորձանքին պատճառը,− եթե քիչ մը խելք ունենար, այս ընթացքը չէր բռներ և այս փորձանքները չէր բանար, թե մեր և թե իրենց գլխուն։

Շաբաթներ ետքը վերջապես տիկին Թագուհի իր կրած բուռն հուզումեն հանդարտած, կրցավ ոտքի ելլել։

Իր հիվանդության միջոցին երկար նամակ մը գրած էր Փարիզ՝ իր աղջկան, որուն մեջ կհայտներ, թե այլևս չպիտի կրնար միևնույն հարկին տակ ապրիլ իր ամուսնույն հետ և փափաք կհայտներ իր աղջիկը առնելով երթալ Փարիզ հաստատվելու։