Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/304

Այս էջը հաստատված է

Տիկին Թագուհի չէր ուզած ամբողջ եղելությունը հայտնել Ռոզիկի, այսուհանդերձ ծածուկ բառերով շատ բան ըսած էր և վերջապես ավելցուցած էր, որ իր որոշումն անդառնալի է և թե, նույնիսկ եթե Փարիզ չերթա, անպատճառ պիտի բաժնվի իր ամուսինեն։

Ռոզիկ այս նամակը ընդունելով, ինքն ալ մեծ հուզում մը կրեց և գուշակեց, որ անզարմանալի բան մը պատահած էր։ Նամակը ցույց տվավ իր ամուսնույն, որպեսզի անոր հետ խորհրդակցությամբ որոշում մը տան։ Լևոն երկար մտածելու պետք չունեցավ, անմիջապես վճռեց, որ հարկ է պատասխան մը գրել և անմիջապես ստիպել իր զոքանչը, որ քենիի հետ կրկին Փարիզ վերադառնա, Նույնիսկ ուզեց, որ այդ նամակը երկուքնուն կողմե ստորագրվի, որպեսզի տիկին Թագուհի ոևէ խղճահարություն կամ կասկած չունենա։

Երբ այս պատասխանը հասավ տիկին Թագուհիի ձեռքը, մեծ ուրախությամբ կարդաց զայն և գրեթե բոլորովին գտավ իր հանդարտությունը և մտքի անդորրությունը։

Եվ սակայն հարկ էր վերջնական տեսակցություն մը ունենալ Ղուկաս էֆենտիի հետ՝ ու այս բանը զինքը կխրտչեցներ։ Նշանավոր վեճեն ի վեր, ուրկե ետքը հիվանդ ինկած էր, տիկին Թագուհի խոսք մը չէր փոխանակած իր ամուսնույն հետ և նույնիսկ զգուշացած էր անոր հետ դեմ առ դեմ գտնվելե։ Վաճառականն ալ, իր կարգին, վարժված էր այս նոր ապրելակերպին և մոտենալու ոևէ փորձ չէր ըներ։

Տան մտերիմները անորոշապես գիտեին, որ երկու ամուսիններու միջև պաղություն մը կտիրեր, սակայն ոչ ոք կրցած էր բուն պատճառը գիտնալ և զանազան ենթադրություններ կընեին միայն, բնավ չէին մոտենար իրականության։

Փարիզեն նամակ ստացած իրիկունը, տիկին Թագուհի որոշեց վերջապես իր ամուսինին հետ վճռական տեսակցություն մը ունենալ։ Սպասուհիին հետ լուր ղրկեց Ղուկաս էֆենտիի, թե կփափաքեր զինքը տեսնել։ Այդ հրավերը շատ զարմացուց վաճառականը, որ այլևս չէր սպասեր իր կնոջ հետ այսպիսի գլուխ գլխի տեսակցություն մը ունենալ։

— Արդյոք նոր բա՞ն մը կա,— խորհեցավ։ Հետս սպասուհիին դառնալով.