Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/306

Այս էջը հաստատված է

− Այսինքն աղջկանս գրած եմ տված որոշումս։

− Ի՞նչ,− գոչեց վաճառականը դող ելած,− մեր մեջ անցած դարձածը անո՞նց ալ գրեցիր։

− Չէ, չէ, մի հուզվիր, ըրած խաղքություններդ չպատմեցի, միայն թե քիչ մը ատեն Փարիզ երթալս իմացուցի և անոնք ալ, թե աղջիկս և թե փեսաս, անմիջապես նամակ գրեր ու մեզ հրավիրեր են… նա, առ նամակը կարդա։

Եվ տիկին Թագուհի նամակը իր ամուսնույն երկարեց, վաճառականը արագ ակնարկ մը նետեց թուղթին վրա. հետո ըսավ.

− Բոլոր ատոնք պարապ բաներ են, անցած դարձած խնդրի մը այսչափ կարևորություն տալ չարժեր… զարմանալի բան, ամեն ընտանիքի մեջ ասանկ բաներ կպատահին, բայց չեն առներ անցնիր… ընտանեկան պատիվը, բարոյականը պահպանելու համար, այս տեսակ խնդիրը անուշ տեղը կկապեն, դուն ընդհակառակը անանկ ընթացք մը բռնել կուզես, որ աշխարհ արար եղածը իմանա և պատիվնիս փարայի մը ընե։

− Դո՞ւն ես, որ տակավին կհամարձակիս ընտանիքի, պատիվի, բարոյականի խոսք ընել,− գոչեց տիկին Թագուհի բորբոքած:

Ու ահա անգամ մըն ալ կռիվը պայթեցավ երկու ամուսիններու միջև, կրկին իրենց քսան տարվան ամուսնական կյանքի հաշվեհարդարությունն սկսավ, բոլոր հին խնդիրները մեջտեղ հանելով ու այս անգամ տիկին Թագուհի անխնա կերպով հարձակեցավ ամուսնույն վրա, ամբողջ անոր նախատելի կյանքը երեսին զարնելով, այն աստիճան, որ ի վերջո վաճառականը ստիպվեցավ կորագլուխ՝ գրեթե խույս տալ սենյակեն ու բարկությամբ դռները շառաչել տալով, ինքզինք փողոց նետեց, առանձնության մեջ հանդարտությունը գտնելու համար:

− Թող ճեհեննեմ ըլլան երթան,− կոռնար ինքնիրեն փողոցին մեջ,− բարով խերով Փարիզեն չվերադառնար, գալեն ի վեր դժոխք դարձավ տունս։

Հետո հայհոյություններու տարափ մը սկսավ տեղալ Երանիկի գլխուն, զոր իր բոլոր դժբախտությանը միակ պատճառը կհամարեր:

Էրիկ կնկան միջև անցած այդ վերջնական կռիվեն երկու շաբաթ ետքը արդեն տիկին Թագուհի իր բոլոր պատրաստությունները տեսած էր, մեկ քանի օրեն մեկնելու համար Փարիզ։ Աղջիկը՝