Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/31

Այս էջը հաստատված է

իրարու կդիպչեին և Լևոն առաջին անգամ ըլլալով՝ կզգար կուսական մարմնի մը հպումին անճառելի հեշտանքը։ Անշուշտ Փարիզի մեջ կանուխեն հարաբերության ունեցած էր ամեն տարիքի կիներու հետ, որոնց գեղեցկությունը, վայելչությունն ու մտացիությունը անբաղդատելի կերպով գերազանցված էին, բայց անոնք պարզապես հաճույքի ու տարփանքի ճարտար արվեստավարժներ էին ու չունեին այն թաքուն ու անդիմադրելի հրապույրը, որ կուսություն կկոչվի։ Իրենց մազերուն հպումը բավական եղեր էր հեշտամոլ սարսուռով մը ցնցելու Լևոնի ամբողջ էությունը և տարօրինակ հուզումով մը համակելու զինքը։

Ինքը, որ իբրև Փարիզի պուլվարներուն վրա մեծցող երիտասարդ մը, հանդուգն՝ գրեթե անպատկառ էր կիներու հետ, հիմակ, այդ առաջին հպումեն իսկ դղրդված՝ տակնուվրա եղած, երկչոտ ու ամոթահար, շվարեր մնացեր էր ու բան մը չէր կրնար գտնել ըսելիք խոսակցություն մը սկսելու համար, կսրտմտեր իր այս վեհերոտությանը համար, զոր ծիծաղելի կգտներ։

Սակայն Ռոզիկ, շատ ավելի նվազ հուզված և բոլորովին ինքզինքին տեր, գոհ ու հաղթական, կռահեց երիտասարդին հոգեկան դրությունը և ուզեց իր համարձակությամբ քաջություն տալ անոր։

Գլուխը վերցուց, պատկերազարդ հանդեսը գոցեց մեկ կողմ դրավ և խոսակցության նյութ մը ստեղծելու համար՝ հարցուց.

− Պոլսին հավնեցա՞ք։

− Շիտակը ոչ,− պատասխանեց Լևոն սրտին խորեն շնորհակալ ըլլալով աղջկան, որ վերջապես անտանելի կացությունե մը փրկած էր զինքը, խոսելու նյութ մը հայթայթելով։

Հետո շարունակեց.

− Փարիզի մեջ ապրիլ վարժվողի մը համար շատ անտանելի է Պոլիսը… փողոցներուն աղտոտությունը, ելևէջները, հաղորդակցությանց անբավականությունն ու դժվարությունը մարդս կհուսահատեցնեն… վերջապես հանգստավետությունը կպակսի ամեն կողմ և ամեն բանի մեջ։

− Ես շատ կփափաքեի Փարիզը անգամ մը տեսնել,— ըսավ Ռոզիկ ժպտելով,− հայրս խոստացավ, որ գալ ամառ զիս պիտի տանի… անշուշտ հիմա որ բարեկամ եղանք, մեզ պտտեցնելու ձանձրույթը հանձն պիտի առնեք, այնպես չէ՞։

− Գալ տարի… ուշ չէ՞,— պատասխանեց երիտասարդը, որ հետզհետե իր քաջությունը գտած էր,− Փարիզի բուն եղանակը