Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/319

Այս էջը հաստատված է
ԹԱՂԱԿԱՆԻՆ ԿՆԻԿԸ
Վեպ պոլսահայ կյանքե


ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Այս վեպը, ժամանակակից ազգային կյանքե քաղված, առաջին անգամ իբրև թերթոն հրատարակված է «Ժամանակ» օրաթերթի մեջ: Հիվանդության պատճառով պահ մը ընդհատվելե ետքը, կրկին շարունակված է և երկրորդ անգամ ընդհատված է 1915 ապրիլ 11, ձերբակալություններե ետքը, երբ ստիպվեցա ամիսի մը չափ ծածկված մնալ, հետո վերստին շարունակված է մինչև բանտարկության և աքսորիս օրը և այսպես մնացած է անավարտ:

Թաղականին կնիկը մեծ հետաքրքրությամբ կարդացված է և վստահ եմ, որ ընթերցողները նույն շահեկանությամբ պիտի կարդան զայն ամբողջացած ձևին մեջ։

Վեպին մեջ նկարագրված տիպարներեն շատերը ծանոթ ազգային գործիչներ են, մեծ մասով նահատակված, ափսո՜ս, որոնց իսկությունը ուշիմ ընթերցողը շուտով պիտի կրնա գուշակել:

Չմոռնամ ըսել, որ Թաղականին կնիկը հրապարակ կելլե խնամքով սրբագրված վիճակի մեջ:

(Առաջաբան 1921թ. հրատարակություն

Կ. Պոլիս

Հեղինակը
Ա

Այն կիրակի առտուն Մարգար էֆենտի գիշերնոցով՝ ոտքերը բոբիկ, բազմոցին վրա երկնցած, թերթ կկարդար, ատեն-ատեն ձախ ձեռքով իր կսկլոր փորը շփելով: Այս գործողությունը ստամոքսային ոևէ անհանգստության նշան չէր, ինչպես թերևս պիտի ենթադրե բարեմիտ ընթերցողը, այլ Մարգար էֆենտիին մեկ սիրական ունակությունը, ամեն անգամ որ գիշերնոց կկրեր: