արյուն քրտինք մտնելով, առաջ անցա… բոլոր նստարանները բռնված, տեղ չէ մնացեր, ինչ որ է, դասին ետևը ոտքի վրա կեցա։
− Վերնատուն թող ելլեիր։
− Չամաշրհի Եղիսաբեթը չեմ, ոչ ալ խռֆած պառավ, քի վերնատունը երթամ… ինծի բարկացնելո՞ւ համար կըսես կոր ատ խոսքը։
− Չէ՛, ճանըմ, բան մըն էր ըսի, դուն խոսքդ շարունակե։
− Խաչս հանեցի, «Հայր մեր» մը ըսի, կեցեր ժամերգություն մտիկ կընեմ կոր, մեյ մըն ալ պահարանին մեջեն տերտեր մը դուրս ինկավ, «տեղ բացեք, ճամփա բացեք» պոռալով, ամենքը իրարու վրա ելլելով ճամփա բացին… տերտերին ետևեն ժամկոչը ձեռքը աթոռ մը բռնած, ժամկոչին ետևեն ալ ո՞վ ըլլա կհավնիս…
− Ո՞վ,− հարցուց Մարգար էֆենտին, առանց շահագրգռության։
− Տիկին Շազիկը… մեյեր աս բոլոր իրարանցումը իրեն համար է եղեր։ Ես ալ մեկ կողմ քաշվեցա, կարծեցի, որ առջևես պիտի անցնին, կորսվին էրթան… մեյ մըն ալ կուզե՞ս քի ժամկոչը աթոռը բերե իմ կեցած տեղս անկե, Շազիկ օլաճախն ալ գա անոր վրա տոտորոզվի. բարկութենես արունս գլուխս ցատկեց, աչքերս խամաշմիշ եղան, բոլոր մարմինովս դողալ սկսա… տերտերին մորուքեն բռնել փետտելս եկավ… ալ չկրցա կենալ, ինքզինքս ժամեն դուրս նետեցի… բակը ժամկոչը դեմս ելավ, աղվոր մր լվացի…
− Ճանըմ, տիկին Շազիկն ալ թաղականի կնիկ է, հարկավ քիչ մը ավելի պատիվ կընեն անոր, ասիկա բնական բան մըն է, այդ չափ իրարանցումի պետք չի կա…
− Թաղականի կնիկ է եղեր… անոր էրկանը պես քանի մը հատ գրագիր կրանեցնես կոր քովդ… թող այսչափ վերեն չթոչի: Բայց նորեն կըսեմ, նորեն կըսեմ, հանցանքը քուկդ է… ո՛չ տերտերը հանցանք ունի, ո՛չ ժամկոչը, ո՛չ ալ Շազիկը։
− Անուշիկս, ես հոս նստած տեղս մա՞տս կհոտվտամ, որ հասկնամ ժամուն մեջ անցած դարձածը։
− Պարա՜պ խոսք… իմ ըսածս շատ աղեկ կհասկնաս, բայց գործիդ չի գար… դուն այսօր ուզես նե՝ թաղական չե՞ս կրնար ըլլալ, եղողները ո՞վ են որ, բաբուճղ չարժող մարդիկ… թաղին մեջ ամենեն հարուստը մենք ըլլանք, անկե ետքն ալ ասանկ խաղք ընեն մեզի… Զատկին, Ծնունդին փարա ժողվելու կարգը գա նե, ամենեն