Մահմուտ փաշա կերպասեղենի համեստ խանութ մը բացած էր և հաջողած էր հետզհետե գործը ընդարձակելու, վստահություն ներշնչելու և վարկ ունենալու, այնպես որ քսան տարվա մեջ առաջնակարգ վաճառական մը եղած էր հրապարակին վրա, երբ դեռ տարիքը հազիվ 36-ին հասած էր։
Այն ատեն խորհեցավ ամուսնանալ, մանավանդ որ ամեն կողմե փայլուն առաջարկություններ կըլլային իրեն։
− Աղեկ ընտանիքե ըլլա, գեղեցիկ ըլլա, թող օժիտ չունենա։
Այս էր Մարգար էֆ-ի սկզբունքը և այս սկզբունքին համեմատ ամուսնացավ միջակ կարողության տեր խանութպանի մը աղջկա հետ, որ արդարև գեղեցիկ էր և հազիվ 21-22 տարեկան։
Երջանիկ միություն մը եղավ այս, մանավանդ ամասնության աոաջին տարիները։
Վաճառականը գոհ էր մանկամարդ գեղանի կին մը ունենալուն և աղջիկն ալ գոհ էր հարուստ վաճառական ամուսին մը ունենալուն։
Մանչ մը և աղջիկ մը ծնած էին այս միութենեն։ Մեր պատմությունը սկսած ատեն մանչը ինը տարեկան էր և աղջիկը յոթը տարեկան։
Տիկին Սաթեն, այս էր Մարգար էֆ-ի կնոջ անունը, թաղային վարժարանե մը շրջանավարտ, միջակ իմացականություն մը ուներ։ Գորովալից մայր ու շնորհքով տանտիկին, իր այս երկու հատկություններն ալ բավ էին իր ամուսնույն համար, որ դրական ոգիի տեր, շատ բարակը չէր նայեր։ Միայն թե Սաթեն փառամոլ մըն էր ու իր այս փառամոլությունը հետզհետե կաճեր, քանի իր ամուսնույն հարստությունը կավելնար։
Չմոոնամ ըսելու, որ տիկին Սաթենի փառամոլությունը հայու կնկան տափակ ու հասարակ փառամոլությունն էր, գոհարեղեններով զարղարվիլ, սուղ լաթեր հագնիլ, մեծ տուն նստիլ, սալոնի մեջ առաջին տեղը գրավել, և այլն։
Մարգար էֆ-ի նյութական վիճակը կներեր իր կնոջ այդ փառամոլության գոհացում տալու և ասոր համար իրենց ամուսնությունը երջանիկ եղած էր։ Էրիկ կնկան կռիվներ չէին ունեցած միասին, կամ պատահածները շատ աննշան բաներ էին, մանավանդ որ Մարգար էֆ․ հաշտարար ու խաղաղասեր տրամադրություններով մարդ մըն էր։
Քիչ մը առաջվան միջադեպը անսովոր բան մը չէր։ Մարգար