Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/327

Այս էջը հաստատված է

Բարևտուքի արարողություններեն ետքը, Միհրանիկ հարցուց.

− Պողոս էֆ-ն ո՞ւր է…

Պողոս էֆ. Թաղ. Խորհրդի ատենապետն էր, տիկին Շազիկի ամուսինը։

− Հոս էր քիչ մը առաջ։ Տիկնոջը հետ մեկնեցավ,– պատասխանեց ավագերեցը,− անպատճառ կուզեի՞ք տեսնել զինքը։

− Չէ՛, մեր ըսելիքը ձեզի ալ կրնանք ըսել,− պատասխանեց Միհրանիկ։

− Հրամա՞ն մը ունիք։

− Քավ լիցի, Մարգար էֆենտին բողոք մը ունի…

Թաղականները երկյուղախառն զարմացումի շարժում մը ըրին։ Մարգար էֆ. թաղին ջոջերեն էր, հարուստ վաճառական։ Իր բողոքը ծանրակշիռ բան մը ըլլալու էր անշուշտ։

− Մարգար էֆենտի, արդյոք ի՞նչ եղած է որ,− հարցուց թաղականներեն մին, շփոթած կերպարանքով մը։

− Եղածը մեծ բան մը չէ, բայց շատ անվայել է,− ըսավ վաճառականը։

− Կաղաչեմ, խնդիրը բացատրեցեք։

− Էֆենտիմ,− միջամտեց Միհրանիկ,− Մարգար էֆ-ի տիկինը այս առտու եկեղեցի կուգա…

Եվ մանրամասնորեն պատմեց ամբողջ իրողությանը, որ ծանոթ է արդեն մեզի։ Երբ պատմությունը ավարտեց, թաղականներեն մին հուզված ձայնով մը ըսավ.

− Ցավալի բան, շատ ցավալի, իրավունք ունիք բարկանալու, բողոքելու։

− Բոլոր հանցանքը ժամկոչինն է,− գոչեց ուրիշ թաղական մը։

− Անկիրթ ավանակին մեկն է…

− Ապուշը այսչափ ժամանակ հոս է, դեռ մարդիկը չճանչնար։

− Տեր հայր, այս մարդը ո՞ւրկե մեր գլուխը հանեցիր,− գոչեց ուրիշ թաղական մը ավագերեցին դառնալով:

− Էֆենտիս, այդ մարդը ես չբերի։ Պողոս էֆ-ին հանձնարարությամբ առնվեցավ,− պատասխանեց ավագերեցը։

− Հիմա խնդիրը այդ չէ,– միջամտեց Միհրանիկ,– մենք եկած ենք պահանջելու, որ այդ ժամկոչը պատժվի։