− Հիչ տիկին Շազիկը անանկ բան կըսե՞․․․ սուտ կխոսիս կոր, անամո՛թ…
− Խաչ վկա, որ տիկին Շազիկ ըսավ,− պնդեք Վարդան հաստատ շեշտով մը։
− Դո՛ւրս կորսվե սըտեղեն,− գոչեց թաղականներեն մին, ոտքի ելլելով։
− Աղա՛, ես․․․− կմկմաց խեղճ ժամկոչը։
− Դուրս, կըսեմ կոր քեզի,− պոռաց մյուսը ձայնը ավելի բարձրացնելով ու թող չտալով, որ հանցավորը նոր բացատրություններ տա։
Վարդան՝ շփոթված շլմորած՝ ետ-ետ նահանջեց ու դուրս եկավ խորհրդարանեն։
− Անկիրթ, անամո՛թ, հեոտյո՛ւք, ավանակ…− շարունակեցթաղականը, մինչ արդեն այն՝ որան ուղղված էին այդ փաղաքշական խոսքերը՝ աներևույթ եղած էր։
Հետո դառնալով Մարգար էֆ-ին, որուն դեմքը հաղթականորեն կճառագայթեր, ըսավ․
− Մեր կողմե ներում խնդրեցեք տիկինեն այս եղած անպատեհության համար և ըսեք, որ վաղը առտըվնե այդ ժամկոչդ ճամփված է։
− Շնորհակա՛լ եմ,− պատասխանեց Մարգար էֆ, ոտքի ելլելով։
Եվ երկու բարեկամները մեկնեցան, տուն վերադառնալու համար։
− Կտեսնա՞ս,− ըսավ ճամփան Միհրանիկ իր բարեկամին,− ժամկոչը բնավ հանցանք չունի, տիկին Շազիկը ըսեր է, որ աթոռը հոն դնե, խեղճ մարդն ալ հնազանդեր է։
− Կխնդրեմ այդ կետը բնավ մի ըսեր կնոջս, նորանոր խնդիրներ կծագին,− պատասխանեց Մարգար էֆ․, ժամկոչը թող ճամփեն, խնդիրը գոցվի։
− Իրավունք ունիս, տիկին Սաթենին բան մը ըսելու չէ…
Երբ տուն հասան, նոր դեպք մը կրկին հուզումի մատնած էր Մարգար էֆ-ի կինը։
Նվարդ քանի մը բառով պատմեց եղելությանը։
Հազիվ իրենք եկեղեցի երթալու համար ճամփա ելած էին՝ ահա Պողոս էֆ. և տիկին Շազիկ իրենց տան աոջևեն անցնելով կանգ առեր են։