Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/338

Այս էջը հաստատված է

− Իրավունք չունին։

− Անշուշտ, իրավունք չունին, բայց ինչո՞ւ հետո խոսքի տեղի տանք, մեյ մըն ալ իրենց կարծիքն ալ առնենք։

− Գոնե էրեկ ընեիք այդ դիտողությունը, որպեսզի կարենայինք իրենց իմաց տալ։

− Երեկ չմտածեցի։

− Հիմա ապահովաբար տունը չեն, գործի գացած ըլլալու են․․․

− Վնաս չունի, թող քանի մը օր ետ մնա,− ըսավ Պողոս էֆենտի։

− Բայց ի՞նչ կըսեք, խոսք տվինք Մարգար էֆ-ին… անոր քովը պզտի՞կ մնանք։

− Ես այսօր Մարգար էֆ-ին կտեսնամ, հետը կխոսիմ, դուք հոգ մի՛ ընեք։

Մանուկ աղա հասկցավ, որ ավելորդ էր ավելի երկար ընդդիմանալ։

− Քու կարծիքդ ի՞նչ է,− հարցուց Ռափիկ աղային։

− Կարծես Պողոս էֆ. իրավունք ունի,− պատասխանեց ոսկերիչը։

− Ուրեմն թող անոր ըսածը ըլլա։

Պողոս էֆ. իր զբաղմունքները պատրվակելով հեռացավ խորհրրդարանեն։ Երբ փողոց ելավ, լայնկեկ շունչ մը առավ, կարծես ծանր բեռե մը ազատված ըլլար։ Անմիջական վտանգը անցուցած էր։

Իսկ Մանուկ աղա շատ դժգոհ մնաց իր ատենապետին բռնած ընթացքեն։

− Տեսա՞ր մի հիմա եղածը,− գոչնց Ռափիկ աղային,− ի՞նչ պատասխան պիտի տանք Մարգար էֆ-ին…

− Բայց Պողոս էֆ-ն ալ քիչ մը իրավունք ունի, մյուս ընկերներուն ալ մեյ մը կարծիքը առնենք։

− Պարապ խոսք, էֆենտիմ, էրեկ իր տունը գացինք նե՝ մեզի բոլորովին համամիտ էր. բայց ես գիտեմ բուն խնդիրը ինչ է… իր կնկանը խոսքերուն համոզվեր է ու այսպես կուզե կոր մեզ խաղցնել… էրեկ չի տեսա՞ր տիկին Շազիկը ինչպես ժամկոչը կպաշտպաներ կոր… ասանկ խաղքություն կըլլա՞, Թաղ. Խորհուրդը տիկին Շազիկին կամքովը գո՞րծ պիտի ընե։ Արդեն այս Պողոս էֆ-ն ալ, խոսքը մեջերնիս, մամածակ մարդուն մեկն է կնոջը խելքովը կկառավարվի։