Բայց Ղուկաս էֆենտի շարունակեց բերնին տալ, մինչև որ Ռոզիկ ներս մտնելով՝ ստիպվեցավ լռելու։
Ղուկաս էֆենտի, հակառակ իր պոռչտուքներուն, իրավցնե կվախնար, որ Կոկիկյանները իրենց մասին մանրազնին քննության մը կձեռնարկեն և գուցե անախորժ հայտնություններ երևան կուգան։
Որչափ ալ հարուստ և երեսանց հարգված, իր անցյալը մաքուր չէր եղած և այդ անցյալը ճանչցողներ շատ կային։
Ղուկաս էֆենտի, պարզ սարաֆի մը զավակ, իր ասպարեզը սկսած էր վաշխառությամբ և անոր շնորհիվ իր հարստության հիմը դրած էր: Ահռելի, քստմնեցուցիչ բաներ կպատմվեին այս մասին, իր ճանկը իյնող զոհերու եղերական դրվագներ։
Իր հափշտակիչ անհագ դրամապաշտությունը զինքը մղած էր ամենեն վատ արարքներու, երբ մանավանդ իր դեմը գտած էր անպաշտպան, տկար ու միամիտ անձեր։ Մուրհակներ կեղծած, իր քով ձգված ավանդները ուրացած, գոհարեղեններ ու թանկագին քարերը գողցած ու տեղը կեղծեր դրած էր անպատկառորեն և այս առթիվ երբեմն իր դեմ բացված դատերեն կրցած էր օձիքը ազատել սուտ երդումներով կամ կաշառքով։
− Աստված թշնամիս անոր ձեռքը չձգե,− կըսեին զինքը մոտեն ճանչցողները։
Հետո, երբ հարստությունը 8-10 հազար ոսկիի հասած էր, ուզած էր ավելի լայն ասպարեզի մը մեջ իր ավազակությունը առաջ տանիլ և վաճառականության ձեռնարկած էր, Ղալաթիայեն Պոլիս փոխադրվելով։ Հոն մեկ երկու տարի վերջ կեղծ սնանկությամբ մը քանի մը հազար ոսկի ներս նետած էր, գավառացի կարգ մը մանր վաճառականներ փճացնելով։ Ալ անկե ետքը Ղուկաս էֆենտի, որ մեծապատվութենե ազնվաշուքության բարձրացած էր արդեն, կթողու վաճառականությունը և կըլլա կառավարության հայթհայթիչ զոշաքաղ նախարարներու ընկերակցությամբ, կսկսե կողոպտել պետական գանձը։ Այս առթիվ կստանա նաև աստիճան և պատվանշան, պետության մատուցած իր բարվոք ծառայություններուն համար:
Իր հարստության հետ զուգընթաց կաճի նաև իր խելացի ու պատվավոր մարդու համբավը։ Իր գործած հին աղտոտությունները կմոռցվին, կծածկվին, իր զոհերուն անեծքը այլևս չի կրնար հասնիլ իր համբավին մեծության և անոր վնասել։ Ինչ որ մասնավորաբար