Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/343

Այս էջը հաստատված է

− Ալ քննելիք, հասկնալիք տեղը մնա՞ց,− գոչեց Սաթեն,– ես հիմա ի՞նչ երեսով թաղին մեջ պիտի պտտիմ… ապուշի պես ալ այսօր ելա քանի մը տեղ այցելություն տվի և ըսի, որ ժամկոչը այս առտու ճամփված է։ Հիմա որ չէ ճամփվեր, մարդիկ ի՞նչ պիտի ըսեն, պարզապես վրաս պիտի խնդան։ Եկեղեցիին մեջ եղածը չէր բավեր, մեյ մըն ալ այս խաղքությունը…

Ճանը՛մ, թո՛ղ առտու ըլլա տե՝ բան մը կընենք։

− Ի՞նչ պիտի ընես…

− Ես ուղղակի Պողոս էֆենտին կտեսնեմ, ժամկոչը ճամփել կուտամ, դուն հոգ մի ըներ,− ըսավ Մարգար էֆենտին վճռաբար։

− Եվ եթե ճամփել չուզե՞…

− Անիկա իմ խոսքես դուրս չի կրնար էլլել։

− Աղեկ գիտեմ, որ բան մըն ալ չպիտի կրնաս ընել, դարձյալ պզտիկ պիտի մնաս, ես ալ քեզի հետ խաղք ու խայտառակ պիտի ըլլամ։

Եվ տիկին Սաթեն սկսավ իր հավիտենական տրտունջները իր ամուսնույն թույլ բնավորության, անկարողության դեմ։

Միհրանիկ և Նվարդ ջանացին համոզել, հանդարտեցնել զինքը։

Երկու հյուրերը մեկնելե ետքը, Սաթեն դարձյալ փորձեց վիճաբանիլ ամուսնույն հետ, բայց այս վերջինը իսկույն անկողին մտավ և քնանալ կեղծեց, մինչ կինը, ջղագրգռված, ժամերով չկրցավ աչքերր փակել։

Գ

Մեր վերը, նախընթաց երկու գլուխներուն մեջ պատմած դեպքերուն վրա շաբաթ մը անցած էր։

Աթոռի միջադեպին հաջորդ կիրակին էր։

Ութ օրը բավական եղած էր ժամկոչին խնդիրը օրվան հրատապ հարցը դարձնելու համար թաղին մեջ։

Հակառակ Մարգար էֆենտիի դիմումին՝ Պողոս էֆենտի՝ համառեր էր Վարդան աղբարը իր պաշտոնին մեջ պահելու, անձնական շահի նկատումները զոհելով ընտանեկան խաղաղության։

− Պետք է թաղական խորհուրդը ամբողջությամբ գումարի և ժամկոչին մասին իր որոշումը տա,− ըսած էր Պողոս էֆենտի։

Եվ այդ ամբողջական գումարումը տեղի պիտի ունենար այդ կիրակի օրը։