Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/347

Այս էջը հաստատված է

− Դուք ժողովուրդ չեք, դուք միմիայն «Շանթ ակումբը» կներկայացնեք, իրավունք չունիք հանուն ժողովրդին խոսելու։

Վեճը հետզհետե մեծցավ, թաղականները դուրս ելան խորհրդարանեն և ջանացին ամբոխը հանդարտեցնել։

− Եղբայրնե՛ր գացե՛ք, ցրվեցե՛ք, թողեք որ նիստը շարունակենք և որոշումնիս տանք,− ըսավ Պողոս էֆենտի։

− Չէ՛, չպիտի երթանք, հոս պիտի սպասենք,− գոչեց ընկեր Սուսերյանց։

− Ի՞նչ բանի համար։

− Ժողովուրդին շահերը պաշապանելու համար։

− Լավ, սպասեցեք, բայց աղմուկ մի հանեք,− գոչեց ընկեր Կայծունի,− միևնույն ատեն կազդարարեմ Թաղական Խորհրդին, որ ժողովուրդին կամքը հարգե, ծանր դեպքերու տեղի չտալու համար…

− Ո՞ր ժողովուրդին կամքը պիտի հարգեն,− գոռաց Սուսերյանց։

− Բուն ժողովրդին կամքը։

− Բուն ժողովուրդը մե՛նք ենք:

− Լռեցե՛ք…

Կրկին աղմուկը մեծցավ։

Մանուկ աղա, որ մյուս թաղականներու հետ եկած էր կարգապահությունը հաստատելու՝ դարձավ ցուցարարներուն և գոչեց.

− Պարոննե՛ր, հաճեցեք հեռանալ բակեն, եկեղեցական արարողությունը ավարտած է ու ալ գործ չունիք այստեղ, թողացեք, որ հանդարտ միտքով մեր ժողովը կատարենք։

− Իրավունք չունիս այստեղեն վռնտելու, եկեղեցին ազգին կպատկանի… եկեղեցին ժողովուրդինն է,− պոռաց տաքդգուխ մը։

− Այն ատեն մենք կցրվինք ուրեմն,− ըսավ Մանուկ աղա,− որովհետև ճնշման ներքև չենք կրնար որոշում տալ։

Արդարև ամենեն կարճ ճամփան այդ էր, խնդրին վերջ տալու համար։

Թաղականները, իրենց գլուխը ունենալով Պողոս էֆենտին, դուրս ելան եկեղեցիեն, մինչ ցուցարարները կպոռային․

− Կեցցե՛ ժողովուրդը, կեցցե՛ աշխատավոր դասակարգը, անկցի՛ բռնակալությունը և այլն։

− Տղա՛ք, ալ երթանք,– գոչեց ընկեր Կայծունի իր շուրջիններուն դառնալով, և հաղթական պատերազմե մը դարձող զորավարի մը պես ուղղվեցավ դեպի «Պայքար Լսարանը», մինչ ընկեր Սուսուրյանց