Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/351

Այս էջը հաստատված է

− Այո՛, կփափաքեի կնոջս համար մատնի մը առնել, սանկ շնորհքով բան մը… Ռափիկ աղային վրա կարելի՞ է վստահիլ։

− Կատարելապես, գործի մեջ շատ պարկեշտ է ու երբեք իր հաճախորդները չի խաբեր։

− Ուրեմն եթե ձեզի ձանձրություն չըլլար, անգամ մը զինքը հոս ղրկե… բայց նախ ըսածներս չմոռնաս իրեն կրկնելու։

− Գլխուս վրա։

Տեսակցությունը այլևս վերջացած էր և Մանուկ աղա մեկնեցավ Մարգար էֆենտիի քովեն։

Վաճառականը որ զուտ կնոջական խնդիր մը նկատած էր Վարդան աղբոր պարագան և մեծ կարևորություն մը չէր տված անոր ու տեսակ մը չկամությամբ միջամտած էր, հիմա ընդհակառակը, բոլոր հոգով փարած էր այս գործին, որ զուտ արժանապատվության խնդիր մը դարձած էր իրեն համար։

− Ժամկոչ մը չկրնամ ճամփել տալ,− կխորհեր ինքնին,− ես, Մարգար էֆ. Սասանյանս, ասկե ավելի մեծ պզտիկություն, ասկե ավելի նախատինք միթե կրնա՞ ըլլալ… եթե պետք ըլլա, հազար ոսկի պիտի ծախսեմ՝ այդ ժամկոչը չպիտի թողում։

Ինչ որ ամենեն ավելի կհուզեր Մարգար էֆենտին՝ սա պարագան էր, որ խնդիրը աներևակայելի համեմատություն մը առած էր թաղին մեջ, օրվան հարցը դարձած էր և ամեն մարդ հետաքրքիր կսպասեր տեսնելու համար, թե այս պայքարին մեջեն ո՞վ հաղթական պիտի ելլար։ Պարտվողը հայտնի է, որ յուր ամբողջ համբավը, պատիվն ու ազդեցությունը պիտի կորսնցներ թաղին մեջ։

Մարգար էֆենտի բոլոր ասոնք մտքին առջև բերավ, կշռեց, դատեց և վճռեց վճռականորեն նետվիլ կռվին մեջ։

Միայն թե, խոհեմ ու դրական մարդ, ուզեց իր կողմը ունենալ հաղթության բոլոր միջոցները։ Մանուկ աղայի հետ տեսակցած ատեն, տեսանք, թե ինչ միջոցներ կխորհեր Ռափիկ աղան իր կողմը շահելու և մյուսյու Գարեգինը չեզոքացնելու համար։ Բայց այսքանը բավական չէր։ Դեռ ձեռք առնելիք միջոցներ կային։

− Արդյոք ուղզակի Պատրիարքին երթա՞մ,− մտածեց,− և պահանջեմ, որ ժամկոչը ճամփվի, բայց եթե Պատրիարքը առարկե, որ ինքը չի կրնար ատանկ խնդրի մը միջամտել, ես պզտիկ կմնամ պարապ տեղը։

Հանկարծ հիշեց, որ քաղաքական ժողովի անդամներեն մին,