Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/361

Այս էջը հաստատված է

կրնաք իր կամքը կատարեք և ես ոևէ տրտունջ չպիտի հայտնեմ։

− Ի՞նչ ըսել կուզես․․․

− Ըսել ուզեմ, որ կրնաք զիս ճամփու դնել։

Վաճառականը դժգոհ դեմքով մը սիկարեթ մը վառեց և սկսավ ծխել. պահ մը երկու խոսակիցներու միջև լռություն տիրեց։

Երկուքն ալ հուզված էին փոխանակված խոսքերեն։ Հաճի Հակոբ աղա երբեք այս աստիճան ընդդիմություն մը չէր սպասեր իր պաշտոնյային կողմե, իսկ Գարեգին միտքեն չէր անցուցած, որ Մարգար էֆենտիի այցելությունը այս աստիճան ծայրահեղության պիտի մղեր խնդիրը։

Ի վերջո ծերունին ըսավ.

− Հիմակուհիմա գնա գործիդ նայե․․․ այս միջոցիս հուզված կերևաս կոր, իրարու խոսք չենք հասկնար կոր։ Լրջորեն ու պաղարյունով մտածե, այն ատեն թերևս գաղափարդ փոխես։

Գարեգին ոտքի ելավ և մեկնեցավ։

Հազիվ երեսունըչորս տարեկան, նիհար, երկայնահասակ ու խարտյաշ երիտասարդ մըն էր հաճի Հակոբ աղային գրագիրը։ Կեդրոնական վարժարանի մեջ ուսմունքը ավարտած՝ բավական զարգացում ուներ, մանավանդ, որ դպրոցը ձգելե ետքն ալ ինքնին ուզած էր կատարելագործել սորվածները։

Աղքատ ընտանիքի զավակ, դպրոցեն ելլելեն ետքը կորսնցուցած էր ծնողքը և ստիպված էր տակավին պատանի, իր օրվան հացը ճարելու աշխատիլ։

Շուտով համեստ գործ մը գտած էր հանձնակատարի մը քով, որ քանի մը տարի զինք աշխատցուցած էր չնչին ամսականով մը։

Ի վերջո Գարեգին հաջողած էր մտնել հաճի Հակոբ աղայի առևտրատունը, ուր իր պարկեշտության, ուշիմության ու աշխատասիրության շնորհիվ կամաց-կամաց հառաջացեր էր ու այժմ 18 ոսկի ամսական կստանար, ինչ որ նախանձելի դիրք մը ըսել էր հայ վաճառականի մը քով։

Երիտասարդ գրագիրը իր նյութական կացությունը այսպես բարվոքելե ետքը, ուզած էր ամուսնանալ, տուն տեղ կազմել, մանավանդ, որ ծնողքներ չէին պակսեր ասանկ «շնորհքով» երիտասարդի մը աղջիկ տալու համար։

Գարեգին շուտով գտավ իր փնտռածը զարգացած մանկամարդ ու գեղանի աղջիկ մը, որուն հայրը ոսկերիչ էր։