Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/362

Այս էջը հաստատված է

Մեր պատմությունը սկսած ատեն Գարեգին նշանված էր երեք ամիսե ի վեր ու քանի մը ամիսեն հարսանիքը պիտի կատարվեր։

Երկու նշանածները անկեղծ սիրով մը կապված էին իրարու հետ ու երիտասարդ պաշտոնյան շաբաթը քանի մը անգամ կերթար իր նշանածը տեսնելու, որ Գատը-գյուղ կբնակեր։

Երիտասարդը, իր էֆենտիին քովեն մեկնելով՝ երբոր վերադարձավ իր սեղանին գլուխը՝ սարսափելի կերպով գրգռված էր։ Մարգար էֆ-ի կատարած դիմումը հրեշային բան մը կթվեր իրեն։

− Ի՞նչ կխորհեր, հացի՞ս սպառնալ, որպեսզի խղճիս հակառակ գործեմ, ասկե ավելի անարգ բան մը կարելի՞ է մտածել։ Որովհետև ինք հարուստ է, պետք է, որ իր կամքը կատարվի ոչ թե միայն իր տանը կամ գրասենյակին մեջ, այլ նաև իր բնակած թաղին մեջ… Ի՛նչ մեծամտություն. ի՛նչ ծայրահեղ ամբարտավանություն։ Բայց իրեն ցույց պիտի տամ, որ ես իրմե չեմ վախնար և թե պետք չեմ զգար իրեն ոսկիներուն առջև խոնարհվելու։ Այդ մարդը կերևա, որ պնակալեզ շողոքորթներե շրջապատված է ու ամեն մարդ անոնց վրայեն կդատե…

Գարեգին ջանաց իր գործին պարապիլ, գրիչը ձեռք առավ առևտրական նամակի մը պատասխանելու համար, բայց հազիվ թե տող մը գրած՝ տեսավ, որ չպիտի կրնար շարունակել, հուզումը տակավին չէր հանդարտած։ Միտքը հակառակ իր կամքին՝ Մարգար էֆենտիով կզբաղեր։ Կխորհեր ավելի բուռն թափով մը նետվիլ պայքարին մեջ։ Մինչև հիմա ժամկոչին խնդիրը նկատած էր անկարևոր դեպք մը և եթե Պողոս էֆենտիին ձայնակցած էր և ընդդիմացած Վարդանի ճամփվելուն՝ պարզապես աղքատ ու անմեղ մարդ մը հարուստին քմահաճույքին չզոհելու համար։ Բայց հիմա խնդիրը կփոխվեր, գրեթե անձնական կդառնար։ Ուղղակի զինքը կգրգռեին, անլուր ստորացուցիչ պահանջումներ ընելով։

− Ո՛չ պիտի հրաժարիմ և ո՛չ ալ տեղի պիտի տամ,− վճռեց,− այլ ընդհակառակը, մինչև վերջը պիտի պաշտպանեմ Վարդան աղբարը, նույնիսկ եթե Պողոս էֆենտին տեղի տա. պիտի պաշտպանեմ թե՛ Թաղ. Խորհրդի մեջ և թե՛ անկե դուրս, ինչ միջոցներով որ կրնամ…

Այս որոշումը զինքը հանդարտեցուց, անցավ գրասեղանին առջև և մեկ քանի նամակներ գրեց։

Իրիկվան դեմ եկան իրեն իմացուցին, թե էֆենտին զինքը տեսնել կուզեր։