Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/364

Այս էջը հաստատված է

չըրավ Գարեգինին, միայն թե երիտասարդին այնպես թվեցավ, որ իր մեծավորը առաջվան սիրալիր մտերմությունը ցույց չէր տար իրեն հանդեպ։ Ինքն ալ չուզեց խոսք բանալ և թողաց, որ դեպքերը իրենց բնական ընթացքին հետևին։

Թաղին մեջ իրարանցումը կշարունակվեր, մանավանդ «Պայքար Լսարան»-ի և «Շանթ Ակումբ»-ի անդամները գործի վրա էին։

Մարգար էֆ. ընկեր Կայծունին տուն հրավիրած էր, գոված էր թաղին մտավորական երիտասարդության ջանքերը և իր համակրությունը հայտնած էր «Պայքար Լսարանին»։ Հետո անոր նյութական վիճակի մասին տեղեկություններ հարցուցած էր։

− Նյութական վիճակնիս փայլուն չէ,− հաստատած էր ընկեր Կայծունի,− դժբախտաբար մեր հասույթները ծախքերուն չեն բավեր կոր։

− Էյ, ինչպե՞ս կընեք կոր։

− Ինչ ընենք, պարտք կընենք կոր հիմակուհիմա։

− Որչափ պարտք ունիք։

− Վեր ի վերո քսանըհինգ ոսկիի չափ։

− Բավական բան է… ճար մը չե՞ք գտներ կոր այդ պարտքը վճարելու համար։

− Վիճակահանություն մը կազմակերպելու միտք ունինք։

− Վիճակահանությունը երկար բան է, թատերական ներկայացում մը կազմակերպեցեք, մեկ անգամեն մեծկակ գումար մը ձեռքերնիդ կանցնի։

− Աղե՛կ, բայց տոմսակներ տեղավորել շատ դժվար է։

− Դուք ներկայացումը կազմակերպեցեք, տոմսակները սպառելու հոգը ես վրաս կառնեմ։

− Այն ատեն գործը կդյուրանա և անմիջապես կրնանք ներկայացման պատրաստության անցնիլ։

Կայծունի խորին շնորհակալություն հայտներ էր Մարգաը էֆ-ին իրենց հանդեպ ցույց տված համակրության համար։

− Ես ձեր կուսակցությունը շատ կսիրեմ,− ըսավ,− լուրջ բանիբուն մարդիկներ շատ կան ձեր մեջ… հոս ուրիշ կուսակցություն մըն ալ կա, «Շանթ Ակումբ» է, ի՞նչ է, անոնք զյուպպե մարդիկներ են։

− Մենք դրանց հետ մեր հարաբերությունները խզած ենք,– հայտարարեց ընկեր Կայծունի խորին արհամարհության շեշտով մը։