Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/367

Այս էջը հաստատված է

ձեր կուսակցության, որովհետև կտեսնեմ, որ ամենքդ ալ շնորհքով մարդիկ եք։

− Թաղին ամբողջ մտավոր երիտասարդությունը մեր շուրջը բոլորած է,− պատասխանեց Սուսերյանց համեստորեն։

− Ան մյուսները պարզապես սրիկաներ են… «Պայքար Լսարան» է՜, ի՜նչ է։

− Մենք երբեք կապակցություն չունինք անոնց հետ և չենք ալ ուզեր ունենալ։

− Շատ աղեկ կընեք։

− Անոնք արդեն գոյության իրավունք չունին։

− Շատ ճիշտ է։ Խըմպըլները ելեր Թաղ. Խորհրդին դեմ կկռվին… իրենց պիտի հասկըցնեմ։

− Չարժեր այդ մարդոց հետ զբաղիլ,− ըսավ ընկեր Սուսերյանց արհամարհոտ շեշտով մը։

− Դուք տեսեք ինչ լավ դիրք բռնեցիք այս ժամկոչի խնդրեն մեջ։

− Մենք սկզբունքով կգործենք միշտ, մինչդեռ անոնք անձնական շահերե կտարվին,− բացատրեց Սուսերյանց։

Պողոս էֆենտի կրկին խոսք բացավ վիճակահանության մասին և հանձնարարեց, որ իսկույն գործի սկսին։ Հետո խոստացավ սրճարանի վարձակալին հետ պայմանագրությունը չվերանորոգել և շենքը ամսական 200 ղրշ-ի տալ «Շանթ Ակումբին»։

Ի փոխարեն ընկեր Սուսերյանց խոստացավ թև ու թիկունք ըլլալ Պողոս էֆենտիի, իր բոլոր գործոն շարքերով։

− Մենք ձեր կողքին կեցած ենք, մի՛ վախնաք,− ըսավ։

− Կեցցե՛ք,− գոչեց վաճառականը ուրախությամբ։

Ե

− Հոս նստելուդ՝ գնա մեյ մը նայե, ինչ կանցնի կդառնա կոր։

Այս խոսքերը կուղղեր տիկին Սաթեն իր ամուսնույն կիրակի առտու, մինչ Մարգար էֆենտի, իր սովորության համեմատ, բազմոցին վրա երկնցած, առտվան թերթ մը կկարդար։

Իր կնոջ այսպես հանդիմանական հրավերին պատասխանեց ամենայն հանդարտությամբ։

− Ես երթալ նայելու պետք չունիմ, իմ տեղս հոն չէ։

− Կվախնաս կոր, անոր համար ծակը մտեր նստեր ես։

− Ես իմ բոլոր պատրաստություններս տեսած եմ, հիմա հանդարտությամբ