Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/37

Այս էջը հաստատված է

տեղեկություններ առած էր Կոկիկյանի մասին։ Զինքը վստահեցուցած էին, որ երեսուն քառասուն հազար ոսկիի կհասներ հարստությունը, թե ադամանդ գնահատելու մասին մեծ համբավ կվայելեր, թե շատ գործունյա, ճարպիկ ու ձեռներեց երիտասարդ մըն էր, որուն մեծ ու շատ փայլուն ապագա մը կըսպասեր։ Այս տեղեկությունները նոր գրգիռ մը եղեր էին Ղուկաս էֆենտիի՝ գործը անպատճառ հաջողեցնելու համար։ Ինք արդեն նշանտուքի խորհուրդը ունենալուն պես գրած էր Փարիզ իր այն բարեկամին, որ Կոկիկյանները իրեն հանձնարարած էր և անոր բացատրելով խնդիրը, մանրամասն տեղեկություններ խնդրած էր երիտասարդին նյութական վիճակին մասին։ Հետո իմացած էր, որ շուկան, ծերունի ոսկերիչ մը, Հակոբ աղա, Կոկիկյանները ճանչցած էր, Փարիզ երթալեն առաջ և շատ մտերիմը եղած էր Լևոնի հորը։ Ծանոթի մը միջոցավ լուր ղրկած էր այդ մարդուն, որպեսզի հետևյալ օրը՝ ուրբաթ, իր գրասենյակը գա, իբր թե իրմե մեկ քանի գոհարեղեն գնելու համար։ Ղուկաս էֆենտի կփափաքեր այդ ծերունիեն տեղեկություններ քաղել Կոկիկյանենց անցյալին վրա։

Ցերեկույթին մեջ ամենուն աչքին կզարներ տնեցիներու կողմե հարգանքի ու մեծարանքի այն բացառիկ ցույցերը, որոնք կըլլային Լևոնի մոր, տիկին Անթառամին, որ պատվո տեղը բազմած, կուռքի մը վեհափառությամբ կընդուներ իրեն ընծայված պատիվները։ Իր զավկին հետ գլուխ գլխի կարճ խոսակցությունե մը ետքը, տիկին Անթառամ միջոց մը տիկին Թագուհիի ցույց տալով Ռոզիկն ու Լևոնը, որոնք՝ անդին՝ ոտքի կեցած՝ կխոսեին, ըսավ.

— Հասակնին որչափ հարմար է իրարու։

— Այո,— հաստատեց տիկին Թագուհի ժպտելով։

Անթառամ պահ մը լռեց, հետո ավելցուց։

— Զավակս շատ համակրած է ձեր աղջկան, արդյոք օրիորդ Ռոզիկն ալ համակրա՞ծ է անոր։

— Ո՞վ գիտե,— պատասխանեց Թագուհի,— միթե աղջկան մը կվայելե՞ այդ մասին խոսք մը ըսել… մանավանդ մեր աղջիկները, որոնք շատ խիստ մեծցած են… հայրերնին անանկ կուզե… բայց ինչպես չպիտի համակրի, անանկ շնորհքով, պարկեշտ երիտասարդ մը։

— Զավակս ըլլալուն համար չեմ ըսեր, ամմա, հավատացեք, հազարին մեջ մեկ հատ չգտնվիր իրեն պես,— պատասխանեց Անթառամ գոհ հպարտության դեմքով մը…— Փարիզի մեջ անգամ