Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/375

Այս էջը հաստատված է

Ոսկերիչը, թեև համեստ վիճակի տեր, չէր ուզած իր մի հատիկ աղջկան կրթության համար բան մը խնայել, մանավանդ, որ Նարդիկ շատ ընդունակություն ուներ և միշտ աոաջինը կհանդիսանար իր ընկերուհիներուն մեջ։

Այր ու կին հոգի կուտային իրենց աղջկա վրա, և անոր գեղեցկությամբն ու խելքովը կփառավորվեին։

Նարդիկ արդարև շնորհալի աղջիկ մըն էր, ոչ թե միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես։ Անստգյուտ վարք ու բարք մը ուներ և հակառակ իր մանկատի տարիքին՝ կատարյալ տանտիկին մըն էր։

Իր այս հատկությունները ծանոթ էին զինքը ճանչցողներուն և հազիվ դպրոցեն ելած, շատ երիտասարդներ իր ձեռքը խնդրած էին։

Սակայն Սահակ աղա և իր կինը քիչ մը դժվարահաճ էին։ Կուզեին, որ իրենց ըրած զոհողություններուն փոխարեն՝ գոնե քիչ մը փայլուն դիրք մը ապահովեն իրենց աղջկան։ Անշուշտ մեծ հավակնություններ չունեին, բայց վերջապես կփափաքեին, որ Նարդիկ ընկերական սանդուխքին վրա իրենցմե աստիճան մը վեր տեղ մը գրավեր։

Քանի մը ամիսներե ի վեր իրենց այս փափաքը գրեթե իրագործված էր։ Աղջիկնին նշնած էին շնորհքով երիտասարդի մը՝ Գարեգինին՝ որ մեծ վաճառականի մը քով փայլուն դիրք մը ուներ և որ տակավին կրնար առաջ երթալ։

Նարդիկ ալ իր ծնողքին չափ գոհ ու երջանիկ էր այս միութենեն։

Գարեգին ոչ միայն վայելուչ ու գեղադեմ երիտասարդ մըն էր, այլ նաև զարգացած մտքի տեր, խելացի մարդ մը։ Իր խրոխտ ու անկեղծ նկարագիրը մանավանդ հմայած էր մանկատի աղջիկը։

Նարդիկ ճշմարիտ հպարտություն մը կզգար, երթ կիրակի իրիկունները իր նշանածին թևը մտած կերթար պտտելու Մոտայի ծովեզերքը։

Գարեգին սովորություն ուներ ամեն կիրակի այցելության գալու և գիշերը Սահակ աղային մնալու։

Միայն թե հաճախ կեսօրեն ետքը կուգար, որովհետև առտուն ստիպված կըլլար Թաղական Խորհուրդի նիստերուն ներկա գտնվելու։

Վերջին անգամ սակայն Նարդիկ ստիպած էր զինքը, որ հաջորդ կիրակիին կանուխ գա, զոհելով Թաղ․ Խորհրդի նիստը. Գարեգին