Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/379

Այս էջը հաստատված է

− Հրաժարականը գրված՝ գրպանս է, վաղը պիտի տամ, ասոր կրնաս վստահ ըլլալ։

− Մինչև վաղը առտու կրնաս միտքդ փոխել։

− Կերևա, որ տակավին զիս լավ չես ճանչցած,− պատասխանեց երիտասարդը,− ես երբոր որոշում մը տամ, ալ անիկա չեմ փոխեր։

− Քեզի ուրիշ բան մը ըսեմ,− ըսավ ոսկերիչը, որ կջանար խուսափիլ երիտասարդին հարցումին պատասխանելե։

− Ի՞նչ պիտի ըսես։

− Կուզե՞ս, որ վաղը առտու երթամ Հաճի Հակոբ աղան տեսնեմ ու մեյ մը հետը խոսիմ։ Կարելի է անուշությամբ խնդիրը կկարգադրենք։

− Երբեք,– գոչեց երիտասարդը,− չըլլա, որ ատանկ բան մտքե անցունես։

− Լավ, լավ մի՛ բարկանար,− ըսավ Սահակ աղա երիտասարդին հուզումը տեսնելով,− ես անանկ բան մըն էր ըսի։

− Այսպես ուրեմն, ենթադրե, որ հրաժարականը տված եմ և անոր համեմատ հարցումիս պատասխանե։

Ոսկերիչը տեսավ, որ ալ փախուստի ճամփա չի կա, ուստի պահ մը մտածեց և ըսավ.

− Ես առանձին բան մը չեմ կրնար ըսել, պետք է Փեմպե հանըմին ու աղջկանս կարծիքն ալ առնեմ։

− Իրավունք ունիս, միայն կխնդրեմ, որ իմ մեկնելես ետքը իրենց խոսք բանաս ու պատասխանը վաղը հաղորդես ինծի։

− Անանկ կընենք։

Սահակ աղա չափազանց հուզված էր բոլոր այս խոսակցութենեն։ Իրեն համար աղետ մը պիտի ըլլար ետ ընել, որովհետև դժվար էր Գարեգինի պես փեսա մը գտնել։ Ասկե զատ, գիտեր, որ աղջիկը սրտանց կսիրեր երիտասարդը և այսպիսի խզում մը սոսկալի հարված մը պիտի ըլլար անոր համար։

Բայց եթե երիտասարդը կորսնցներ իր պաշտոնը, ի՞նչ պիտի ըլլար իր վիճակը։ Անշուշտ պիտի հաջողեր գործ մը գտնել, բայց ի՞նչ պիտի ըլլար այդ գործը։ Ինք դժբախտաբար շատ համեստ ապրուստ մը ուներ և երբեք չէր կրնար օգնության հասնիլ իր փեսային։

Բոլոր այս մտահոգությունները ցցվեցան խեղճ ոսկերիչին աչքին։