Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/382

Այս էջը հաստատված է

Պահարանը առավ, նամակը հանեց ու կարդաց, թեև անոր պարունակությունը գոց գիտեր արդեն։

Այդ թուղթն էր իր մտահոգություններուն միակ պատճառը։ Եվ այդ թուղթը ինքն իր ձեռքով, իր հոժար կամքով գրած, պատրաստած էր։ Կրնար պատռել, նետել ու այսպիսով վերջ դնել զինքը հուզող տագնապին։

Իրեն այնպես թվեցավ, որ անուշ ու սիրական պատկեր մը, Նարդիկի հրեշտակային դեմքը, աղաչավոր ու արտասվալից՝ այդ զոհողությունը կաղերսեր իրմե։

Վարանումը տիրեց անոր վրա։

− Պատռեմ լմննա, Սահակ աղան իրավունք ունի, խենթություն է ըրածս, արժանապատվության վիրավորանքի մը համար չարժեր ամբողջ երջանկություն մը խորտակել, և մանավանդ ինձի հետ ուրիշ մըն ալ դժբախտ ընել, ուրիշ մը, որ բոլորովին անմեղ է…

Բայց այդ վարանումը երկար չտևեց։ Վիրավորված արժանապատվության ձայնը ավելի բարձր և զորավոր հնչեց սրտի մեջ և լռեցուց մյուս զգացումները. նամակը կրկին գրպանը դրավ ու ոտքի ելավ։

− Չէ, մտածեց, պետք չէ տկարանալ, որոշումս որոշում է․․․

Է

Ք. թաղին մեջ հուզումը հետզհետե կսաստկանար։ Ժամկոչի խնդիրը հիմա բոլորովին մոռցված էր, ալ ոչ ոք կզբաղեր անով։

Մարգար էֆենտի իր կուսակիցներով հիմա ուղղակի պայքար կմղեր Թաղ. Խորհուրդի դեմ։

Պողոս էֆենտիի ամենափոքր արարքները իսկ կատաղի քննադատության տեղի կուտային, թերթերու մեջ կձաղկվեին։

Ամենածանր ամբաստանություններ մեջտեղ նետված էին։

− Գանձարանը բան չէ ձգեր, ամենքն ալ ծախսեր է…

− Հաշիվներուն մեջ սարսափելի զեղծումներ կան։

− Եկեղեցիին հասույթները ո՞ւր կերթան կոր…

− Ամսական քսան ոսկի բաց կա, եթե այսպես շարունակվի, դպրոցն ալ, եկեղեցին ալ աճուրդի պիտի հանեն։

− Ավազակներու ձեռք մնացեր է Թաղական Խորհուրդը։