Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/398

Այս էջը հաստատված է

Սափորյան էֆենտի տեսավ, որ ճար չի կար, հարկ էր հաշտարար միջոց մը գտնել։

− Պարոննե՛ր,− ըսավ,− շատ լավ, ձեզ մտիկ կընենք, բայց ոչ ամենքդ ալ մեկիկ-մեկիկ, որովհետև նյութապես անկարելի է այդ բանը։

− Ի՞նչպես ուրեմն,− գոչեցին մի քանի դժգոհ ձայներ։

− Ձեր մեջեն երկու հոգի ընտրեցեք, որոնք թող գան և հանուն ձեզի հայտնեն ըսելիքնին։

Մեկ քանիներ այս առաջարկը ընդունեցին, ուրիշներ բողոքեցին։

− Երկու հոգի քիչ է,− կպոռային շատերը։

Վերջապես կարելի եղավ համաձայնություն գոյացնել։ Բազմության մեջեն հինգ հոգի պիտի ներկայանային և իրենց բողոքները կամ դիտողությունները պիտի պարզեին պատվիրակներուն։

Սափորյան և Ծրարյան էֆենտիները համբերությամբ լսեցին նաև ժողովրդի հինգ ներկայացուցիչները, թեև ասով ավելի չլուսաբանվեցան։

Հետո, հրաժեշտ առնելով, մեկնեցան, անորոշ տպավորություն մը թողելով թաղեցիներուն վրա։

Ը

Ընթերցողները կհիշեն անշուշտ, որ Սամիկյան Հաճի Հակոբ աղայի գրագիրը՝ պարոն Գարեգին կիրակի օր մը թողացինք Գատը-գյուղի շոգենավին մեջ, հոգեկան խռովյալ վիճակի մը մեջ։

Այժմ թողլով Վարչության երկու պատվիրակները, որ իրենց տեղեկագիրը պատրաստեն հանդարտ մտքով, դառնանք մեր երիտասարդին և տեսնենք, թե ինչ եղավ իր կացությունը։

Գարեգին հետևյալ օրը, երկուշաբթի, առտուն կանուխ գնաց իր գրասենյակը։

Տակավին ո՛չ մեծավորը եկած էր և ո՛չ մյուս պաշտոնյաները։

Գրասենյակի սպասավորը կար միայն, որ սենյակը կմաքրեր։

− Այս ատեն ի՞նչ բան ունիք, մյուսյու Գարեգին,− հարցուց սպասավորը՝ երիտասարդը տեսնելով։

− Այսօր անակնկալ գործ մը պատահեցավ, պիտի սաիպվիմ բացակա ըլլալ, անոր համար եկա, որ իմաց տամ։

− Խեր է, ինշալլահ,− հարցուց սպասավորը։