Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/402

Այս էջը հաստատված է

բաժին ունենալու չէ,− ըսավ ծերունի վաճառականը,− անոր պարկեշտությանը ես երաշխավոր եմ, տասը տարիե ի վեր փորձած եմ զինքը։

− Քեզի չըներ՝ ուրիշին կընե. քանի որ այդ թաղականի պաշտոնին թութխալի պես փակեր է, ըսել է շահ մը ունի։

− Ուրիշները չեմ գիտեր, բայց Գարեգին անանկ տղա չէ։

− Դուն ալ զարմանալի ես,− գոչեց Մարգար էֆենտի սրտնեղած,− քու պաշտոնյադ ըլլալուն համար անպատճառ պետք է, որ զինքը պաշտպանես։

− Ես ճշմարտությունը կըսեմ․․․ ասկե զատ Գարեգինը ալ իմ պաշտոնյաս չէ։

− Ինչպե՞ս, ճամփեցի՞ր զինքը,− գոչեց վաճառականը ուրախությամբ։

− Չէ՛, ինքը հրաժարական տվեր է։ Ա՛ռ կարդա։ Ու ծերունին գրասեղանին վրայեն Գարեգինի նամակը առնելով Մարգար էֆենտիի երկարեց։

Վաճառականը ուշի ուշով կարդաց զայն, վերադարձուց և ըսավ․

− Ապերախտը ասանկ նամակ կգրե՞․․․ մարդկություն չունի եղեր բնավ, պարզապես ծայրե ի ծայր նախատինք․․․ ուրիշին մի ցուցներ, պատռե՛, նետե՛․․․

− Ասոնց բոլոր պատճառը դուն ես,− պատասխանեց մյուսը։

− Ե՞ս, ես ի՞նչ բան ունիմ ասոնց մեջ, դուն պաշտոնյայիդ դիտողություն ես ըրեր, ան ալ բարկացեր հրաժարեր է․․․ հիմակվան երիտասարդները անանկ են, քիչ մը երես տալուդ պես գլխուդ վրա էլլել նստիլ կուզեն, փոքր դիտողություն անգամ չեն կրնար մարսել։

− Եղբա՛յր, դուն չէի՞ր, որ եկար ըսիր որ կամ թաղականութենե թող հրաժարի կամ զինքը ճամփու դիր։

− Ճանըմ, իբրև մտերիմ բարեկամ, քեզի խորհուրդ մը տվի, միմիայն իր աղեկության համար, եթե ոչ ինծի ի՜նչ թաղական եղեր է կամ ոչ… ես իմ արժանապատվությանս չեմ թողուր ատանկ չնչին մարդոց հետ զբաղվիլ։

− Ինչ որ է, եղածը եղած է, ես ան գիտեմ, որ դժվարավ իրեն պես մեկը պիտի կրնամ գտնել։

− Պարապ խոսք, եթե կուզես տասը հատ գտնեմ քեզի, և Գարեգինեն շատ ավելի կարող, եփուն, գործունյա մարդիկ, որոնք