Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/416

Այս էջը հաստատված է

հրավիրած էին որպեսզի դաշնակ զարնե: Պողոս էֆենտի ժամկոչ Վարդանն ու վարժարանին տնտեսն ու տնտեսուհին ալ բերել տված էր։ Առաջինը վարը դռան քով կեցուցած էին իբրև դռնապան, իսկ մյուս երկուքը սպասուհիին օգնելու համար կանչված էին։

Տիկին Շազիկ ճոխ արդուզարդով մը կճառագայթեր։ Շատ ուրախ կերևար ու հաղթական կերպարանք մը ուներ։

Պողոս էֆենտի, իր բարեկամներեն շրջապատված՝ առևտրական կացության վրա կճառեր, երբ պարոն Թորգոմ և ընկեր Սուսերյանց ներս մտան և եկան բարևելու զինքը։

Հազիվ թե Պողոս էֆենտիի հրավերին վրա ուսուցիչը ե «Շանթ Ակումբի» անդամը բազմած էին մեյ մեկ աթոռի վրա, պարոն Թորգոմ ըսավ.

− Պողոս էֆենտի, իրա՞վ է, որ երկու վարչական քննիչներու տեղեկագիրը Թաղական Խորհրդին համար աննպաստ է եղեր…

− Ո՞վ ըսավ,− հարցուց Պողոս էֆենտի։

− Ամենուն բերանն է…

− Ատանկ բան չի կա․․․ նախ քննիչները իրար հետ չեն համաձայներ ու զատ-զատ տեղեկագիր տվել են։

− Բայց ես հավաստի տեղե իմացա,− պնդեց ուսուցիչը,− ճշմարիտը շատ զարմանք զգացի։ Ինծի ըսողը Մարգար էֆենտիեն իմացեր է և տեղեկագիրը կարդացած է եղեր։

− Ատիկա կերևա որ Սափորյան էֆենտիի տեղեկագիրը կարդացեր է, թող մեյ մըն ալ տոքթ․ Ծրարյանինը կարդա, այն ատեն կհասկնա։ Բայց խնդիրն այդ չէ, տեղեկագիրները կարևորություն չունին և նոր քննություն պիտի ըլլա։ Բուն նորությունը չեք գիտեր դուք։

− Ի՞նչ կա որ,− հետաքրքրվեցավ Սուսերյանց։

− Պատրիարքը այսօր զիս հրավիրած էր Ղալաթիո Խորհրդարանը։

− Ի՞նչ բանի համար։

− Այս Թաղական Խորհրդի խնդրույն համար խոսելու։

− Չպետք է երթալ,− վճռեց Սուսերյանց։

− Գացի՞ք,− հարցուց ուսուցիչը։

− Բնականաբար գացի։

− Չպետք է տեղի տալ,− պնդեց ընկեր Սուսերյանց։

− Պատրիարքը շատ լավ ընդունելություն մը ըրավ ինծի,−