Հակոբ աղա իր հասցեին ուղղած գովասանքներեն գոհ և հպարտ, գոհարեղենները հանձնեց Ղուկաս էֆենտիին, որ տուն դարձին մռայլ կերպարանք մը ուներ։ Հակոբ աղայի խոսքերը խոր տպավորություն մը ըրած էին. տիկին Անթառամի անհավատարմությունները, Լևոնին անհարազատ զավակ մը ըրած էին. Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկը, բոլոր այդ աղետավոր հայտնությունները, ամոթալի անցյալը զինքը կտանջեին, կլլկեին։ Կինը նշմարեց իր էրկան այդ անսովոր կերպարանքը և հարցուց.
− Ի՞նչ ունիս այսօր, տխուր կերևաս կոր։
− Բան մըն ալ չունիմ, քիչ մը գլուխս կցավի կոր,− պատասխանեց Ղուկաս էֆենտի չորությամբ։
Ճաշեն հետո նամակ մը ստացան Լևոնեն, զոր Ռոզիկ բարձրաձայն կարդաց.
«Ազնվաշուք Ղուկաս էֆենտի,− կգրեր երիտասարդը,− վաղը, շաբաթ իրիկուն, ընտանեկան պարահանդես մը տեղի պիտի ունենա մեր պանդոկին մեջ. ուստի մայրս և ես կխնդրենք, որ դուք ևս, տիկնոջ և օրիորդներուն հետ ներկա գտնվիք։ Շատ ուրախ պիտի ըլլանք, եթե հաճիք իրիկվընե մեզ պատվել և ճաշը միասին ընել»։
− Սպասավորը վարն է, պատասխանի կըսպասե,− ըսավ աղախինը, որ նամակը վեր բերած էր։
− Իմ կողմես գրե, որ շատ կցավինք, բայց չպիտի կրնանք երթալ, որովհետև… անհանգիստ եմ,− ըսավ Ղուկաս էֆենտի, նեղսիրտ ձևով մը խոսքը աղջկանը ուղղելով։
Մայր ու աղջիկ զարմացած երեսը նայեցան, չկրնալով ըմբռնել, թե ինչպես կարելի էր մերժել այսպիսի հրավեր մը՝ ճիշտ գործը եփվելու միջոցին։
Ղուկաս էֆենտի, որ ցերեկվան խոսակցության դժնդակ ազդեցության տակ այդ հրամանը տված էր իր աղջկան, հանկարծ ինքզինքին եկավ, մեկեն զգաց թե ձախող խոսք մը փախցուցած էր բերնեն և ուզեց սխալը դարմանել։
− Գլուխս կցավի կոր տե՝ անոր համար չեմ գիտեր ինչ պատասխանելու է…
− Ճանըմ, գլխու ցավդ օրերով չտևեր,− ըսավ տիկին Թագուհի,− այս իրիկուն դեղ մը կընենք, կանցնի։
− Իրավունք ունիս, անանկ է նե՝ գրե որ շնորհակալությամբ կընդունինք հրավերը և մեծ պատիվ կհամարենք մեզի իրենց հետ