Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/420

Այս էջը հաստատված է

փոխվեցավ և այս փոփոխությունը հաճո թվեցավ իրեն ու գլխու հաստատակամ շարժումով մը ըսավ.

− Այո՛, հոն մտավ։

− Տեսա՞ք հիմա,− գոչեց տիկին Շազիկ հաղթականորեն նայվածքը ուղղելով Նվարդին։

− Սակայն ի՞նչ կելլա ատկե,− պատասխանեց մյուսը։

− Կերևա, որ դու չես գիտեր Թուլամիեյին ինչպես տեղ ըլլալը։

− Կխոստովանիմ, որ չեմ գիտեր։

− Պարզապես ժամադրավայր մըն է։

− Կրնա ըլլալ, բայց ատիկա բան մը չապացուցաներ։

− Դեռ պատմության շարունակությունը մտիկ ըրե,− պատասխանեց Շազիկ,− շարունակե՛, Նշան էֆենտի։

− Կարծեմ լմնցավ,− պատասխանեց երիտասարդը, որ այժմ կսկսեր հայտնապես նեղվիլ այս հարցաքննութենեն։

− Տիկին Սաթենին ետևեն ո՞վ մտավ խանութ։

− Երիտասարդ մը․․․

− Ինչպե՞ս էր այդ երիտասարդը։

− Բայց… ամեն մի երիտասարդի պես։

− Առաջին անգամ պատմած ատենդ ըսիր որ շիք երիտասարդ մըն էր։

− Այո՛, շիք երիտասարդ մը,− հաստատեց խմբագիրը։

− Որո՞ւ կնմաներ…

− Հավանականաբար կամ հորը, կամ մորը և կամ կնքահորը,− պատասխանեց խմբագիրը խնդալով, ես արդեն փողոցին մյուս կողմն էի և մոտեն չտեսա զինքը։

− Ըսիր, որ մեկուն նմանցուցեր ես։

− Այսինքն․․․ այո… անորոշաբար… ասանկ մեկու մը նմանցուցի, բայց վստահ չեմ… եթե գիտնայի, որ այսպես խիստ հարցաքննության մը պիտի ենթարկվեի, թերևս ավելի ուշադրությամբ կդիտեի ամեն բան։

− Որո՞ւն նմանցուցիր,− պնդեց տիկին Շազիկ։

− Հեռվեն ինծի անանկ երևցավ, որ Խոսրով էֆենտին էր․․․ Քանասարյան Խոսրով էֆենտին,− պատասխանեց խմբագիրը։

− Չեմ ճանչնար այդ Խոսրով էֆենտին,− ըսավ տիկին Նվարդ,− ո՞վ է որ․․․