Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/421

Այս էջը հաստատված է

− Վարչության մը մեջ բարձր պաշտոն մը ունի, շատ շնորհքով մարդ մըն է, Բերա կնստի,− բացատրեց պարոն Նշանիկ։

− Ամուսնացած, չոլուխ չոճուխ-ի տեր մարդ է,− գոչեց Շազիկ,– կվայելե՞ իրեն…

− Փաստա՞ ուտել,− հարցուց խմբագիրը խնդալով։

− Ալ չեմ գիտեր ինչ ուտելը։

− Թուլամիեյին գացողը ընդհանրապես կամ փաստա կուտե կամ շոքոլա ու թեյ կխմե,− պատասխանեց Նշանիկ։

− Եվ կամ սիրային ժամադրություններ կկարգադրե,− ավելցուց տիկին Շազիկ։

− Ալ կարծեմ հարցաքննությունս վերջացավ,− ըսավ երիտասարդը ոտքի ելլելով։

− Դեռ վերջը չբերիր…

− Ուրիշ ի՞նչ մնաց որ…

− Ըսիր թե, քիչ մը ետքն էր նորեն նույն տեղեն կանցնեիր, տեսար, որ Խոսրով էֆենտին դուրս կելլեր…

− Ճիշտ է։

Ու վայրկյան մը ետքը տիկին Սաթենն ալ դուրս կելլեր։

− Այդ ալ ճիշտ է։

− Երկուքն ալ միևնույն կո՞ղմն ուղղվեցան,− հարցուց տիկին Նվարդ ծաղրական խնդվածքով մը։

− Չէ՛,− պատասխանեց խմբագիրը,− Խոսրով էֆենտի աջ կողմեն գնաց, իսկ տիկին Սաթեն ձախ կողմեն։

− Ասոր ի՞նչ բացատրություն կուտաս,− հարցուց տիկին Նվարդ թաղականին կնոջ դառնալով։

− Ատոր բացատրությունը շատ պարզ է․․․ այնչափ հիմար չեն, որ փողոցն ալ իրարու քով քալեն ու նշմարվին։

− Պատմությունը հոս կվերջանա՞…

− Մնացածը դուն ալ կրնաս երևակայել,− պատասխանեց Շազիկ։

− Ես այս ամենուն մեջ բնավ բան մը չեմ տեսնար կոր, որ կարենա իբրև ամբաստանություն ծառայել տիկին Սասանյանի դեմ,− պատասխանեց Նվարդ։− Սաթենը Բերա ելեր է, շաքարավաճառի մը խանութին աոջևեն անցած ատենը ներս մտեր, հավանորեն քիչ մը շաքար առեր կամ շոքոլա մը կերեր ու դուրս եկեր գացեր է, ի՞նչ կըլլա եղեր…