Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/422

Այս էջը հաստատված է

− Ամբողջ Բերայի Շիտակին վրա միայն այդ Թուլամիյե՞ն շաքար կծախե,− ըսավ թաղականին կնիկը։

− Ճանըմ, անկե անցած ատենը դիպվածով ներս մտեր է,− ճիշտ այդ միջոցին Խոսրով էֆենտին ալ դիպվածով ներս մտեր է, հա՞,− հարցուց Շազիկ քմծիծաղով մը։

− Չըլլալիք բան չէ․․․

− Դիպվածով իրարու հետ խոսեր են, դիպվածով դուրս եկեր և դիպվածով իրարմե բաժնվեր են… շիտակը գեշ չէ, դիպվածով ասանկ ամեն բան կբացատրվի։

Խմբագիրն իր պաշտոնը ավարտած համարելով կամաց մը հեռացավ տիկիններու քովեն, վախնալով, որ կստիպվի խոսակցության խառնվիլ և ակամա մասնակից ըլլալ կանացի բամբասանքներուն։

Եվ սակայն տիկինները շարունակեցին իրենց խոսակցությունը։ Ի զուր Նվարդ կջանար պաշտպանել իր բարեկամուհին, ցույց տալ թե պատմված իրողությունը ոևէ կերպով չէր կրնար արատավորել տիկին Սասանյանը, թե աննշան դեպք մը մատը փաթթելով պետք չէր ծանր ամբաստանություններ ընել ամուսնացած պարկեշտ կնոջ մը դեմ։ Այդ պաշտպանողականը ավելի կկատղեցներ թաղականին կինը, որ նորանոր ենթադրություններ կըստեղծեր իր հակառակորդը վարկաբեկելու համար։ Ըստ իրեն, տիկին Սաթեն արդեն իսկ իր աղջկութենեն «խոսված էր», թե դեմը ելլող երիտասարդին հետ սիրահարություն կըներ, թե «անանկ բաներս կպատմվեին իր մասին, որ կարելի չէ բերան առնել։ Իսկ գալով վերջին իրողության, անոր մասին տարակույս չի կար։ Սաթեն գլխե հանած էր ամուսնացած, զավակներու տեր, պարկեշտ մարդ մը, այդ Խոսրով էֆենտին, որու մասին մինչև այդ օրը աղեկ կխոսվիր։ Այսպես Սաթեն իր շռայլ ու մոլի ընթացքով ամբողջ ընտանիք մը կկործաներ, անմեղ կնոջ մը դժբախտության պատճառ կդաոնար։

Մյուս տիկինները ընդհանրապես Շազիկի կողմը կբռնեին, կհամոզվեին անոր խոսքերուն, փաստացի կհամարեին շաքարավաճառին իրողությունը։

Հանկարծ շիք երիտասարդ մը ներս մտավ և խոսքը տիկիններուն ու օրիորդներուն ուղղելով գոչեց․

− Ի՞նչ է սա․․․ խոսակցելո՞վ պիտի լուսացնենք, կտեսնամ,