Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/427

Այս էջը հաստատված է

Գրագիրը հեռացավ ինքնիրեն հարցնելով թե իր մեծավորը ինչո՞ւ այսքան մտածկոտ կերպարանք մը ուներ։

− Ի՜նչ զարմանալի մարդիկ են այս մարդիկը,− կըսեր մտովի,− դրամ ունին, աղվոր կնիկ ունին, առողջություն ունին և դեռ մտմտուքեն չեն ազատիր․․․

Արդարև Նշանիկ, ուրիշ մեկ քանի լրաբերներու հետ, Ազգային Ժողովի սրահը կսպասեր, որ Խառն Ժողովը իր նիստը ավարտե ու տեղեկություններ հաղորդե։

− Մարգար էֆենտին քեզ տեսնել կուզե անպատճառ,− ըսավ գրագիրը խմբագրին մոտենալով։

− Ի՞նչ կա, խե՞ր է,− հարցուց այս վերջինը։

− Իրավ որ չեմ գիտեր, միայն թե ըսավ, որ անպատճառ գրասենյակ գաս զինքը տեսնելու։

− Բայց, եղբայր, ես այս միջոցիս գործ ունիմ, − պատասխանեց Նշանիկ, ինքզինքը ծանրեն ծախելով։

− Ե՞րբ կավարտես գործդ։

− Երբոր Խառն Ժողովը լմննա․․․

− Կարծեմ լմննալու մոտ է,− ըսավ մոտը կեցող բարապան մը,− Սրբազանը արդեն մեկնեցավ…

− Այն ատեն թերևս ժամե մը կրնամ գալ,− պատասխանեց խմբագիրը։

− Լա՜վ, բայց Մարգար էֆենտին չսպասեցնես…

− Թող սպասե, էֆենտիմ, ես իրեն պետք չունիմ, ինք ինծի պետք ունի եղեր․․․

Գրագիրը մեկնեցավ։

− Նորեն գործդ եղավ,− ըսավ ուրիշ լրաբեր մը Նշանիկին դառնալով։

− Ի՞նչ գործ… այդ մարդեն խեր չի կա… ո՜վ գիտե ինչ գլխու ցավ է։

− Գլխու ցավեր կան, որոնք հասութաբեր են ու ատով կդադրին գլխու ցավ ըլլալե… ես վստահ եմ, որ Մարգար էֆենտին նորեն Թաղ. Խորհրդին դեմ գրելիք մը ունի ու ասոր համար քեզի կկանչե կոր… նայե, որ մեծկակ բան մը բրցնես։

− Չեմ կարծեր, որ ատոր համար կանչած ըլլա,− պատասխանեց Նշանիկ, թեև առաջին վայրկյանեն նույն բանը խորհած էր ինքն ալ և արդեն իսկ կմտածեր թե ինչ միջոցավ կարելի է ավելի բան մը բրցնել իր հարուստ ազգականեն։