Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/428

Այս էջը հաստատված է

Երիտասարդը բնավ մտքեն չանցուց, որ բոլորովին տարբեր բանի մը համար կկանչվեր վաճառականին գրասենյակը։ Նախորդ գիշերվան պատմությունը մոռցած էր և կամ չէր կարծեր, որ արձագանքը հասած կըլլա արդեն Մարգար էֆենտիի ականջը։

Խառն Ժողովի տեղեկատվությունը երկար չէր. «Ժողովը հարաբերական ինչ–ինչ խնդիրներու մասին խորհրդակցած և պարտ ու պատշաճ տնօրինած էր»։ Պարոն Նշանիկ երեք ժամ սպասելե ետքը այդ երկու տող ազգային լուրը գրպանեց ու թեթև քայլով մը ուղղվեցավ վաճառականին գրասենյակը։

Մարգար էֆենտի, միշտ գրգռված վիճակի մը մեջ գրասեղանին առջև նստած կջանար ընթացիկ գործերով զբաղիլ ու չէր հաջողիր։ Երբ խմբագիրը տեսավ, ուրախության ճիչ մը արձակեց։

− Հա, եկա՞ր,− գոչեց։

Ավելի շուտ կուզեի գալ, բայց Խառն Ժողովին նիստը երկար տևեց, ստիպվեցա սպասել… կկարծեինք որ այսօր Ք. գյուղի թաղական Խորհրդի խնդրով ալ պիտի զբաղեր ժողովը, սակայն չզբաղեցավ, որովհետև հարաբերական խիստ կարևոր խնդիրներ կան եղեր սեղանին վրա։ Այսուհանդերձ իմացա, որ հաջորդ նիստին խնդիրը անպատճառ ձեռք պիտի առնվի…

Բան մըն ալ իմացած չէր թեև, բայց թաղականին խնդիրը մեջտեղ նետելով կուզեր անմիջապես Մարգար էֆենտիի դիմումին շարժառիթը իմանալ, մեծ եղավ զարմանքը, երբ վաճառականը պատասխանեց սրտնեղությամբ.

− Տեֆ ըրե հիմա սա թաղականին խնդիրը, աստված պելան տա ամենուն ալ…

− Կկարծեի, որ այս խնդրով կշահագրգռվեիք… սա տոքթ․ Ծրարյանին ըրածը կվայելե՞… այդ մարդուն վրա շատ գրելիք կա, բայց…

− Ճանըմ, գոցե՛ սա խոսքը,− գոչեց Մարգար էֆենտին անհամբերությամբ։

− Ենթադրեցի, որ զիս անոր համար կանչած էիք… թերևս թերթին մեջ բան մը գրելիք ունիք…

− Ես քեզի ուրիշ բանի համար կանչեցի,− ըսավ Մարգար էֆենտի։

− Հրամա՞ն ունիք արդյոք։

− Քա՛վ լիցի, միայն թե կուզեի բան մը հարցնել։

− Ձեզ մտիկ կընեմ։