Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/432

Այս էջը հաստատված է

− Այդ ըսել չուզեցի, միայն թե սովորականեն կանուխ գալուդ համար հարցուցի… անհանգի՞ստ ես։

− Բան մըն ալ չունիմ,− պատասխանեց վաճառականը։

Տիկին Սաթեն տեսավ, որ ամուսինը սրտնեղած կերպարանք մը ուներ ու այդ բանը վերագրեց անհաջող գործառնության մը և խոսքը կարճ կապեց։

Մարգար էֆենտի միշտ գրգռված դրության մեջ ժուռ կուգար սենյակը, մինչ կինը գացած էր իր հագուստը փոխելու։

Ժամ մը այսպես առանձին մնաց, անդադար ծխելով ու հազար տեսակ ծրագիրներ կազմելով իր մտքին մեջ։

Կասկածը հետզհետե կսաստկանար ու կկրծեր իր բովանդակ էությունը։

Իր մտքին մեջ անդադար կվերլուծեր իրողությունն ու չէր կրնար որոշ եզրակացության մը հանգիլ։ Եթե փոխանակ Խոսրով էֆենտիի ուրիշ անուն մը տված ըլլային՝ վաճառականը բնավ կարևորություն չպիտի ընծայեր, բայց այդ անունը զինքը կխռովեր։ Իր կնոջ թեկնածուն եղած էր այս մարդը և գիտեր, որ կինը սիրած էր զայն…

Տիկին Սաթեն ներս մտավ և իրեն այնպես թվաց, որ ամուսնույն սրտմտությունը անցած էր, վաճառականն ալ արդեն կջանար իր ներքին խռովությունը ծածկելու։

− Շազիկենց երեկույթը շատ խայտառակ բան է եղեր,– ըսավ Սաթեն՝ խոսակցություն մը բանալու համար իր ամուսնույն հետ։

− Ո՞վ ըսավ,− հարցուց վաճառականը։

− Նվարդը գացեր էր, ան պատմեց, այնքան նեղացեր է, որ մինչև ետքը չէ մնացեր, կանուխ մը վերադարձեր է գլխու ցավ մը պատրվակելով։

− Ի՞նչ խոսակցություն անցեր է մեջերնին։

− Այդ մասին բան մը չըսավ։

− Նորեն մեզի չե՞ն բամբասեր։

− Չեմ կարծեր… եթե մեր վրա խոսք անցներ, Նվարդը կըսեր։

− Թերևս անանկ բաներ ըսած են, որ չէ համարձակած քեզի կրկնելու։

− Ի՞նչ կրնան ըսած ըլլալ։

− Ես ի՞նչ գիտնամ, քի՞չ խոսքեր ըսին մինչև հիմա։