Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/454

Այս էջը հաստատված է

Պողոս էֆենտի բարկութենեն դողահար, դեպի դուռը վազեց, բացավ, դուրս սլացավ և գնաց դիմացի սենյակին դռան առջև և սկսեց ուժգնապես հարվածել զայն, մինչ Աբգար իր սենյակին դուռը կիսաբաց թողած՝ կդիտեր այս եղերական տեսարանը։

− Ո՞վ է ան,− լսվեցավ ներսեն առնական ձայն մը։

Պողոս էֆենտի ամբողջ մարմնով սարսռաց, ճանչցած էր ձայնը։

− Տիրա՛նն է,− ըսավ մտովի։− Տիրանը՝ իմ գրագիրս․․․

Հետո պոռաց.

− Բացեք դուռը…

− Ո՞վ է դուռը զարկողը,− կրկնեց ձայնը ներսեն։

− Բացեք։

Ոչ ոք մոտեցավ դռան։ Այն ատեն Պողոս էֆ. կատղած, բորբոքած, ուսովը սոսկալի հարված մը տվավ դռան և դուռը ճարճատմամբ բացվեցավ։

Տեսարանը, որ հանկարծ բացվեցավ խաբված ամուսնույն առջև՝ այնքան տպավորիչ էր, որ խեղճ մարդը ափիբերան մնաց։

Իր կինը, Շազիկը, կիսամերկ, բազմոցի մը վրա շփոթված ու շվարած վիճակի մը մեջ, տենդահար ձեռքով մը իր գուլպաները կհագներ, մինչ պարոն Տիրան, նույնպես հագուստները հանած, կշտապեր բանթալոնը հագնելու։

Պողոս էֆենտի այս տեսարանին հանդեպ րոպե մը լուռ մնաց, առանց կարենալ բառ մը արտասանելու։ Հետո խեղդուկ ձայնով մը պոռաց.

− Ի՞նչ է այս խաղքությունը…

Տիրան ու Շազիկ, առանց պատասխանելու, կշարունակեին հագնվիլ։

Պողոս էֆենտին, որ դուռը գոցած էր ու քայլ մը հառաջացած սենյակին մեջ՝

− Անամոթնե՛ր, խայտառակնե՛ր, պատիվս փարայի մը ըրիր,− կոռնար սպառնական ձևով ձեռքը բարձրացուցած։

Տիրան արդեն իսկ բանթալոնը հագած՝ վզնոցը կկապեր, հայելիին դիմաց անցած, իսկ Շազիկ կոշիկին կոճակները դնելու զբաղած էր։

− Քա՛, հիմա ի՞նչ երեսով մարդու երես պիտի նայինք,− գոչեց Պողոս էֆենտին, քայլ մըն ալ առաջ երթալով դեպի Շազիկի նստած բազմոցը։