− Ամեն բան իմանալես ետքը ձայն չհանեի՞, տեղս նստեի՞։
− Թող ձայն հանեիր, բայց ոչ այս կերպով, պարապ տեղը խաղք եղար Տիրանին քովը… Աս եղածը մարդ չէր գիտեր՝ ամենուն իմացուցիր կամ կուզես կոր իմացնել։ Ըսենք որ խոսքդ մտիկ ըրե ու մորս քով դարձա, ամեն մարդ պիտի իմանա, որ քեզի կխաբեմ եղեր, Տիրանը կսիրեմ եղեր, և այլն, ի՞նչ պիտի շահիս ատկե․․․ ձայն չհանես նե՝ ամեն բան ծածուկ կմնա, քու պատիվդ ալ չվնասվիր․․․ ասանկ բաներ շատ ընտանիքներու մեջ կպատահին, բայց ձայնը դուրս չելլար… ատանկ փաթոտը հանելով գործ չտեսնվիր։
Պողոս էֆենտի առանց պատասխանելու մտիկ կըներ իր կնոջ պերճախոսության։ Կզգար, թե ճշմարտություններ կային ըրած դիտողություններուն մեջ և թերևս կարելի պիտի ըլլա ամեն բան ծածուկ պահել ու իր պատվին արատ մը չբերել։ Շազիկ տեսնելով իր ամուսինը լուռ կմնա՝ հասկցավ, որ խոսքերը ազդեցություն ընել կսկսեին ու ատկե քաջալերված՝ շարունակեց.
− Կխոստովանիմ, որ խալթ մըն էր ըրածս, հանցավոր եմ և թե անկեղծորեն ներում կխնդրեմ ու կխոստանամ մեյ մըն ալ ասանկ բան չընել… մյուս կողմե խիղճս հանդարտ է սակայն, որովհետև մինչև այսօր պատիվդ միշտ բարձր բռնած եմ…
− Տիրանին պես մեկու մը հետ։
− Որու հետ ըլլա՛, ըլլա՛, խնդիրը ան է, որ մարդ չէ իմացած։
− Չէ իմացած մի՜… չէ իմացած մի՜,− գոչեց Պողոս էֆ. դողահար ձայնով մը,− հապա ասիկա ի՞նչ է…
Ու գրպանեն անստորագիր նամակը առնելով նետեց իր կնոջը։
Շազիկ նամակը բացավ, կարդաց ու չկրնալով ուրիշ խոսք մը գտնել, քթին տակեն փսփսաց.
− Թշնամիի գործ է սա…
Հետո հանկարծ ավելցուց.
− Աբգարը ո՞վ է…
− Ես ի՞նչ գիտնամ, երիտասարդ մը… դիմացի սենյակը կնստի կոր ու ամեն բան տեղն ի տեղոք գիտե կոր… անոր բերանը ինչպե՞ս պիտի գոցենք։
− Նամակն ալ ան գրած ըլլալու է,− ըսավ Շազիկ,− հիմա ամեն բան կհասկցվի կոր… կերևա թե այդ երիտասարդը մեզ տեսեր ու ճանչցեր է ու ելեր քեզի իմաց տվեր է…