Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/46

Այս էջը հաստատված է

− Շատ գեղեցիկ գաղափար,− ըսավ Ղուկաս էֆենտի,− բայց անոր ապագան արդեն ապահով է… մեռնելես ետքը որո՞ւ պիտի մնա հարստությունս… միթե ձեզի չպիտի՞ մնա… երեք հազար ոսկին պատկառելի գումար մըն է վաթսունյոթը հազար ֆրանկ կընե, այստեղ ո՞ր երիտասարդին ատկե ավելի դրամօժիտ կուտան։

Երիտասարդը հայտնապես նեղություն կըզգար խոսակցության առած այս ընթացքեն և կզղջար այս բանակցությունը անձամբ ընելու համար։ Լավագույն պիտի ըլլար գործը երկու կողմանց բարեկամի մը հանձնել, բայց դժբախտաբար ինք Պոլսո մեջ ծանոթներ չուներ։ Ի վերջո ուզեց կարճ կապել։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ,− դրամօժիտը խնդիր չէ, վերջեն ալ կրնանք համաձայնիլ, ես չեմ ուզեր դրամական խնդիրի համար խզել ամուսնական ծրագիր մը, որուն համար ես և մայրս որոշում տված ենք։

− Կեցցե՜ս զավակս,− գոչեց Ղուկաս Էֆենտի, որ Լևոնի այս անշահախնդրութենեն այնպես կենթադրեր, թե երիտասարդը բուռն կերպով սիրահարված էր իր աղջկան.− կեցցես, տեսա՞ր մի խելացի գործը, երիտասարդ մը, որ պիտի ամուսնանա՝ ընտանիք, պատիվ, բարոյական պետք է փնտռե ամենեն առաջ…ես այնպես ըրած եմ։

− Ուրեմն, այնպես, առայժմ գոցենք այս խնդիրը․․․ գալով խոսք-կապին՝ մայրս ըսավ որ, եթե ձեզի կհարմարի, հառաջիկա երկուշաբթի օր կկատարենք։

− Շատ աղեկ, զավակս, շատ աղեկ, ինչպես որ կուզեք… սա ալ ըսեմ, որ ես հին խաֆալը մարդ չեմ, նշանվելուդ սպասելու պետք չունիս, ազատ համարձակ աղջիկս տեսնելու համար, այսօրվընե դուռս բաց է, տանդ պես կրնաս գալ ուզած ատենդ… Մենք Պոլիս ապրած ենք, բայց եվրոպական սովորություններ գիտենք։

− Շատ շնորհակալ եմ,− պատասխանեց Լևոն,− վստահ եդիք, որ ձեր տված արտոնությունը չարաչար չպիտի գործադրեմ․․․

− Ընդհակառակը, կուզեմ որ չարաչար գործադրես,− գոչեց Ղուկաս էֆենտին՝ զվարթ ծիծաղով մը։ 

Երիտասարդը ոտքի ելավ, մնաք բարով ըսավ և դեպի դուռը ուղվեցավ։ Ճիշտ դուրս ելած միջոցին Հակոբ աղա ներս կմտներ։ Ծերունի ոսկերիչը ուշադրությամբ նայեցավ այդ անծանոթ գլխարկավոր