Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/465

Այս էջը հաստատված է

տվավ և իր պաղարյունությունը պահելու համար հզոր ճիգ մը ընելով հարեց.

− Պատմե նայինք սա լսածներդ։

− Պողոս էֆենտի, գիտցած ըլլաս, որ ես այդ ըսածներուն բնավ չհավատացի։

Ճանըմ, ես գիտեմ ատանկ ըլլալը… դուն պատմե տեսնենք։

− Այսօր ձեր տիկինը Բերա գնա՞ց,− հարցուց Մկրտիչ աղա։

− Այո՛, գնաց,− կմկմաց Պողոս էֆենտի,− էյ ատկե ի՞նչ կելլա։

− Իբրև թե տուն մըն է եղեր, դուք ալ վրա հասեր եք… հոն ձեր պաշտոնյան կա եղեր… անունն ալ ըսին, մյուսյու Տիրան…

Պողոս էֆենտի ամբողջ մարմնով սարսռաց։ Գերմարդկային ճիգ մը ըրավ իր պաղարյունությունը պահելու համար, հետո դողահար ձայնով մը հարցուց.

− Ուրիշ ի՞նչ լսեցիր։

Ճանըմ, կարգ մը մանրամասնություններ․․․ իբր թե դուն նամակ մը առեր ես եղեր, ատկե իմացեր ես, թե տիկինն այսինչ տունն է մյուսյու Տիրանին հետ, հոն գացեր ես, հոն երիտասարդ մը կա եղեր Աբգար անունով, անիկա քեզ ընդուներ է և ցույց տվեր է այն սենյակը՝ որտեղ․․․ տեսակ-տեսակ խոսքեր, էֆենտիմ, որ մեկը ըսեմ… նորեն կկրկնեմ, ես բնավ չհավատացի, բայց ուզեցի որ ձեզի ըսեմ, որպեսզի գիտնաք… թաղին մեջ ամենուն բերանն է։

− Բայց ո՞վ է այս բաները ըսողը։

− Ես ընկեր Կայծունիեն իմացա․․․ բայց ուրիշներն ալ նույն բանը պատմեր են… կերևա, որ խոսքը Մարգար էֆենտիին տունեն ելեր է… Այդ Աբգար ըսված երիտասարդը հոն եղեր է։

− Ո՞ւր է եղեր,− գոչեց Պողոս էֆենտի։

− Մարգար էֆենտիի տունը։ Դուն ատանկ երիտասարդ մը կճանչնա՞ս։

− Չէ՛, չեմ գիտեր կոր,− պատասխանեց Պողոս էֆենտի։

− Ես արդեն ըսի, որ ծայրե ի ծայր սուտ ըլլալու է։

− Այդ Աբգարը դուն տեսա՞ր։

− Չէ՛, բայց Կայծունին ըսավ, որ անկե լսեր է պատմությունը։ Այս աստիճան ալ սուտ կըլլա՞։

Պողոս էֆենտի ոտքի ելավ, սենյակին մեջ պահ մը շրջեցավ, սիկարեթ մը վառեց և հետո հարցուց.