Այս տեսակ դժվարին պարագաներու մեջ է, որ ճշմարիտ բարեկամներ կճանչցվին։
− Անանկ է, Պողոս էֆենտի։
Կարպիս Նիզակ էֆենտի իր տեղեկագիրը ավարտած և մատուցած էր Վարչության։ Ք. թաղի խնդիրը բավական հետաքրքրություն շարժած ըլլալով՝ թերթերու լրաբերները իրար անցած էին այդ կարևոր վավերաթուղթը ձեռք անցնելու և իրենց թերթերուն հաղորդելու համար։ Եվ սակայն տեղեկագիրը որոշված էր չհաղորդել թերթերուն մինչև «ցնոր տնօրինություն»։
Պարոն Նշանիկ, որ իմացած էր տեղեկագրին Վարչության մատուցվիլը, ուղղակի դիմեց նախ Խառն Ժողովի քարտուղարին։
− Ք. թաղի խնդրին մասին Կարպիս էֆ. Նիզակի տեղեկագիրը ընդունա՞ծ եք,− հարցուց։
− Այո՛, Վարչությունը ընդունած է,− պատասխանեց քարտուղարը։
− Մեկ օրինակը չպիտի՞ հաղորդեք մամուլին։
− Չէ՛, Ժողովը որոշեց թերթերուն չհաղորդել։
− Դուք տեղեկագիրը կարդացի՞ք։
− Բնականաբար… ես չկարդամ ո՞վ պիտի կարդա։
− Գոնե իմաստը ըսեք ինծի։
− Անկարելի է… բառ մը չեմ կրնար ըսել։
− Գոնե եզրակացությունը…
− Բառ մը չեմ կրնար ըսել։
− Երկու խոսքով բացատրեցեք, ցրելու համար չէ, միայն թե ես գիտնամ, պարզ հետաքրքրություն մը։
− Չըլլար, էֆենտիմ, չըլլար, բացարձակ գաղտնիք է,− պատասխանեց քարտուղարը, պարագային պահանջածեն ավելի լուրջ կերպարանք մը առնելով։
Նշանիկ հասկցավ, որ անկարելի էր ավելի պնդել, ուստի թողուց քարտուղարը և հեռացավ ժողովասրահեն։
Նրբանցքին մեջ հանդիպեցավ Գաբիկ Մուպաշիրյանի, որ բալթոյին գրպաններուն մեջ թղթերու ծրար մը լեցուցած կհառաջանար։