Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/474

Այս էջը հաստատված է

մեջ ծագած և հետզհետե արծարծված հակառակությունները և սա եզրակացության կհասնի թե՝ Թաղական Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի իր պաշտոնի կիրառման մեջ ոևէ թերություն չունենալով հանդերձ, իր բռնած քիչ մը կամայական ընթացքովը դժգոհություններ հարուցած է թաղին մեջ, որոնց որ աստիճան արդարացի ըլլալը չքններ Նիզակ էֆենտի, այսպիսի քննություն մը իր իրավասության սահմանեն դուրս նկատելով։ Վկայությանց մասին Վարչության տեղեկաբերը կըսե թե ինչ-ինչ կետերու մեջ վկաները համաձայն են թեև՝ բայց ինչ-ինչ կետերու մեջ ալ իրարու կհակասեն, որով իրենց վկայութենեն բաղձալի լուսաբանություն մը կարելի չէ քաղել։ Մյուս կողմե երկու գլխավոր հոսանքները,− թաղականական և հակաթաղականական − այնքան լարված են իրարու դեմ, որ կարելի չէ ավելի երկար ատեն խնդիրը այս վիճակի մեջ թողուլ, որով Կարպիս Նիզակ էֆենտի կհրավիրե Վարչությանը, որ անհապաղ պարտ ու պատշաճը տնօրինե»։

Ք. թաղին մեջ երբ Կարպիս Նիզակ էֆենտիի տեղեկագրին այս վերլուծումը կարդացվեցավ, ընդհանուր գոհունակություն պատճառեց։ Ամեն մարդ իր ուզածին պես կմեկներ զայն և ի նպաստ իր դատին տրված վճիռ մը կնկատեր։

− Շատ արդարացի և անաչառ կերպով դատեր է ամեն բան,– ըսավ ուսուցիչ պարոն Թորգոմ, ընկեր Սուսերյանցի, թերթը ցույց տալով։

Այս վերջինը սակայն շատ գոհ չմնաց։

− Եզրակացությունը բացորոշ չէ,− առաջարկեց։

− Եղբայր, քիչ մը դիվանագիտական լեզվով գրված է, բայց երբոր ուշադրությամբ կարդաս՝ կտեսնես, որ բոլորովին մեր կողմը բռնած է։

− Ես կփափաքեի ջախջախիչ եզրակացություն մը…

Մյուս կողմե ընկեր Կայծունի, ինքն ալ թերթը ձեռքը բռնած՝ դեմ ելլողին կըսեր.

− Կարդացի՞ք Նիզակ էֆենտիի տեղեկագիրը։

− Այո՛, կարդացի։

− Թաղական խորհուրդին խերը անիծեր է։

− Այսինքն շատ բացահայտ չէ… սակայն այո՛, կարելի է ըսել, որ կդատապարտե կոր Պողոս էֆ-ն։

− Պաշտոնական անձ մը ուրիջ կերպ չէր կրնար գրել․․․ ստիպված է պաշտոնական լեզու գործածել։