Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/475

Այս էջը հաստատված է

Իրիկունը սրճարանին մեջ, ուր երկու կուսակցությանց անդամները կհավաքվեին, կրկին ընդհանուր խոսակցության առարկա եղավ Նիզակ էֆ-ի տեղեկագիրը։

Երկու կողմեն վիճաբանություններ տեղի ունեցան գրվածքին զանազան մութ կետերուն մասին։

− Եղբա՛յր, անանկ ըսել չուզեր կոր, ասանկ ըսել կուզեր կոր…

− Չէ՛, դուն սխալ կհասկնաս կոր, պարզապես ըսել կուզե կոր թե…

− Քիչ մը վարը կարդա, տես ի՞նչ կըսե կոր։

− Դուն վարինը ձգե, վերը կարդա…

− Ապուշ արարած, կարդացածդ հասկնալու կարողություն չունիս։

− Ապուշը դուն ես, ավանա՛կ, այնտեղ «ոչ թե ինքնաբերաբար» մը կա, որ շատ բան կհասկցնե կոր։

− «Իր պաշտոնին կիրառման մեջ թերություն չունի». կըսե կոր մարդը։

− Աղե՛կ, բայց «կամայական ընթացքով դժդոհություն հարուցած է» կըսե կոր…

Ու այսպես ժամերով վիճաբանությունը շարունակվեցավ։ Հանկարծ ներս մտավ պարոն Թորգոմը, շվարած՝ շփոթված կերպարանքով։ Հետազոտիչ ակնարկ մը պտտցուց շուրջը, գտավ իր փնտռածը, որ ընկեր Սուսերյանցն էր և խուժեց անոր վրա ու ականջին բաներ մը փսփսաց։

− Անկարելի բան,– գոչեց «Պայքար Ակումբի» վարիչը։

− Ճիշտ է ըսածս,− պնդեց ուսուցիչը։

− Սարսափելի բան,− ավելցուց մյուսը,– պետք չէ, որ ըլլա…

− Եվ սակայն եղածը լմնցած է…

− Պետք է առաջքը առնել։

− Ալ ատենն ուշ է։

− Պետք է անկարելին փորձել… գնա՛նք դուրս։

Երկուքը մեկեն դուրս ելան սրճարանեն։ Արդարև ծանրակշիռ լուր բերած էր ուսուցիչը։ Պողոս էֆենտի, Մկրտիչ աղա և Գարեգին իրենց հրաժարականը մատուցած էին թաղականի պաշտոնեն․ ասիկա կերևա, որ առնչություն չուներ Նիզակ էֆենտիի տեղեկագրին հետ, քանի որ առջի օրը ղրկած էին հրաժարականները։