Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/476

Այս էջը հաստատված է

− Բայց դավաճանություն է ասիկա,– կպոռար Սուսերյանց դողահար ձայնով մը,– միթե կարելի՞ է այս դասալքությունը…

− Ամբողջ պատճառը կարծեմ այդ կնոջ խնդիրն է…

− Մի ստոր զրպարտության համար միթե կարելի՞ է այսպես տեղի տալ։ Եվ հետո մյուսնե՞րը… անոնք ալ կնոջ խնդի՞ր ունին։

− Չէ՞, բայց երբ ատենապետը հրաժարի, բնական է, որ մյուս երկուքը այլևս չեն կրնար պաշտոնի վրա մնալ։

− Չպետք է հրաժարվել,– գոչեց Սուսերյանց բռունցքը շարժելով։

− Եղածը լմնցած է․․․

− Պետք է ետ առնել այդ հրաժարականը։

− Կարելի՞ բան է։

− Կարելի կամ անկարելի՝ պետք է ետ առնել… շուտ գնանք Պողոս էֆենտիի մոտ։

Երկու թաղականները ուղղվեցան թաղական Խորհրդի ատենապետին տունը և դուռը զարկին։

Ծառա մը եկավ բանալու։

− Հիմա անպատճառ պետք է Պողոս էֆենտին տեսնենք, գնա իմաց տուր։

− Անկարելի է,– պատասխանեց ծառան պաղարյունով։

− Ի՞նչպես անկարելի է…

− Էֆենտին հոս չէ։

− Ո՞ւր գնաց։

− Տիկինին հետ այս առտու գացին և ըսին, որ քանի մը օր չպիտի գան…

Շանթի հարված մը էր այս, որ կիջնար երկու բարեկամներու գլխուն։

− Չպետք է գացած ըլլան,– գոչեց Սուսերյանց։

− Զարմանալի բան. ձեզի սո՞ւտ պիտի խոսիմ,− պատասխանեց ծառան։

− Անպայման պետք է որ զինքը տեսնենք այս րոպեին…

Ծառան այլևս չպատասխանեց։

− Քանի որ հոս չէ, ճար չկա… երթանք,− դիտել տվավ ուսուցիչը։

− Պողոս էֆենտի հրաժարվե՞ր է թաղական Խորհուրդի պաշտոնեն,− հարցուց Սուսերյանց ծառային։