Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/477

Այս էջը հաստատված է

− Լուր չունիմ,− պատասխանեց այս վերջինը։

Սուսերյանց սրտմտած հեռացավ պարոն Թորգոմին հետ։

− Գնանք Մկրտիչ աղայի քով,− ըսավ։

Այս վերջինը բարեբախտաբար տունն էր և երկու բարեկամները ընդունեց սիրալիր կերպով։

− Հրաժարվե՞լ եք,− գոչեց Սուսերյանց հազիվ բազմոցին վրա տեղավորված։

− Այս՛, հրաժարեցանք, փորձանքեն ազատեցանք,− պատասխանեց նախկին թաղականը գոհունակ դեմքով մը։

− Չպիտի լինի այդ բանը։

− Եղավ լմնցավ արդեն, հրաժարականները հիմա Պատրիարքին ձեռքը հասած ըլլալու են, վաղը թերևս թերթերու մեջ կարդաք։

− Պետք է ետ առնել անմիջապես։

− Տղայական խոսքեր մի ընեք։

− Ինչպես տղայական խոսք,− գոչեց Սուսերյանց…

− Պողոս էֆենտի անդառնալիորեն հրաժարած է, հետևաբար մենք ալ պաշտոնի վրա չենք կրնար մնալ։

− Ի՞նչ է այս անակնկալ հրաժարականին պատճառը,− հարցուց ուսուցիչը։

− Չեմ գիտեր… կարծեմ թե Պողոս էֆենտի ուրիշ թաղ մը պիտի փոխադրվի, անանկ բան մը ըսավ երեկ առտու։

− Տիկին Շազիկի մասին եղած տարաձայնություններուն հետևանքն է։

− Տեղեկություն չունիմ… ինչ որ գիտեմ, սա է թե՝ Պողոս էֆենտիի հրաժարականը անդառնալի է… և որպեսզի Պատրիարքը զայն չմերժե, ինքը անձամբ իր հրաժարականը պիտի տաներ և ընդունել պիտի տար։

− Բայց դասալքություն է դա,− գոչեց Սուսերյանց։

− Կրնա ըլլալ, սակայն այս այսպես է։

− Կբողոքենք հանուն թաղեցիներով։

− Այդ ձեր գիտնալիք բանն է։

− Եվ կպահանջենք, որ հրաժարականը մերժվի։

− Չեմ կարծեր, որ այդ բանը կարելի ըլլա։

− Հանուն ժողովրդին կխոսիմ։

− Գիտեմ, սիրելիս, բայց անօգուտ է։

− Քանի օր Պողոս էֆենտի թաղին մեջ կուսակցության մը