Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/479

Այս էջը հաստատված է

նյութական անձկությանը չթույլատրեց այդպիսի շռայլություն մը։

Մյուս կողմե հակառակ կուսակցությունը զինաթափ չէր եղած, ընդհակառակը այս ձախողանքը նոր կրակով մը զինած էր զինքը։

− Նոր ընտրություն,− կգոչեր ընկեր Սուսերյանց,− թող կատարվի նոր ընտրությունը և պիտի տեսնենք թե ո՞ր կողմն է զորավորը… ջախջախիչ մեծամասնությամբ պիտի վերընտրենք Պողոս էֆենտին։

− Այս անգամ Մարգար էֆենտի ու իր մարդիկը պիտի ընտրենք,− կպատասխանեին հակառակ կողմեն, Պողոս էֆենտիին պես խաղք եղած մարդ մը թաղական չկրնար ըլլալ, ատիկա պատիվ չբերեր մեր թաղին։

Պարոն Թորգոմ թեև ինքն ալ կհոխորտար, բայց խեղճը սկսած էր մտմտալ։

Այս պայքարին մեջ շատ որոշ դիրք մը բռնած էր Պողոս էֆ-ի կողքին ու Մարգար էֆենտիի դեմ։ Եթե երբեք վաճառականը թաղական ընտրվեր՝ բանը բուրդ էր, որովհետև վստահ էր, որ Մարգար էֆ. երբեք չպիտի ներեր ու առաջին գործը պիտի ըլլար զինքը դուրս նետել դպրոցեն, ուր տարիներե ի վեր կպաշտոնավարեր։

ԺԴ

− Եղբա՛յր, Պողոս էֆենտիին անունը ձեր ցանկեն վերցուցեք,− պոռաց Մանուկ աղա ուսուցչին՝ երբ այս վերջինը տասներորդ անգամն ըլլալով եկած էր անոր թեկնածությունը պաշտպանելու։

− Ինչո՞ւ համար…

− Որովհետև ընտրելի չկրնար ըլլալ։

− Պատճառն ի՞նչ է։

− Մեր թաղեն հեռացած է՝ անոր համար։

− Անանկ բան չի կա. մարդը պարզապես օդափոխության գացած է, մեկ երկու ամիսեն պիտի վերադառնա…

− Տունը վարձու տվեր է,− դիտել տվավ Մանուկ աղա,− վերադառնալու միտք ունեցող մարդը իր անձնական տունը վարձու կուտա՞։

Այս անակնկալ հայտարարությունը շփոթեց Թորգոմը։

− Սխալ ըլլալու է,− կմկմաց։

− Այս առտու թելլալ Հակոբ աղայեն իմացա․․․ հինգ օրե