Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/48

Այս էջը հաստատված է

կըսեին, ճիշտ անոր երիտասարդությանը կնմաներ, մանավանդ աչքերը, քիթը, բերանը։

− Ոսկյա՞ն…

− Հա, ուր է սա անցած օր կպատմեի կոր, Նիկողոս աղային կնոջ − Անթառամին սիրահարը, որ ետքը Փարիզ գնաց հաստատվեցավ…

− Տիկինին ցուցուցի գոհարեղենները, սա մատանին զատեց, վերջնական գինը ըսե տե առնենք,− ըսավ Ղուկաս էֆենտի, վերջ տալու համար ծերուկ ոսկերիչին խոսքերուն։

Եվ գրասեղանին դարակը բանալով գոհարեղեններու տուփերը դուրս հանեց։

Սակարկությունը երկար չտևեց, քանզի Ղուկաս էֆենտի միտքը դրած էր անպատճառ բան մը գնել Հակոբ աղայեն, անոր հետ բարեկամություն հաստատելու համար։

Դրամը վճարելն ետքը՝ ոսկերիչը նստեցուց և բավական ժամանակ տեսնվեցավ հետը, նույնիսկ զգացուց, որ գուցե մոտ օրեն աղջիկը նշաներ ու կարգեր պիտի, հետևաբար նորեն պետք պիտի ունենար գոհարեղեններ գնելու իրմե։

Այս հավանականությունը մեծ ուրախություն պատճառեց ծերուկ ոսկերիչին, որ շատ մը շնորհակալություններ հայտնելն ու կրկին ինքզինքը հանձն արարելն ետքը՝ մեկնեցավ։

ԳԼՈՒԽ Ե

Լևոն Կոկիկյան Ղալաթիայեն կառք մը վարձեց պանդոկ վերադառնալու համար։ Ղուկաս էֆենտիի հետ ունեցած տեսակցությունը, դրամօժիտի մասին եղած սակարկությունը, այդ բանակցության աննպաստ արդյունքը իր ջիղերը գրգռած էր։

- Այս մարդը զիս խաղի բերել կուզե ու պզտիկ գումարով մը աղջիկը գլուխս փաթթելու կաշխատի,− կմտածեր.− երեք հազար ոսկի դրամօժիտ ինծի պես երիտասարդի մը, որ մեկ միլիոն ֆրանկ դրամագլուխ ունի և տարին քանի մը հարյուր հազար ֆրանք կվաստըկի, միթե տեսնվա՞ծ բան է… աղջիկը անշուշտ պզտիկ է։ Սիրուն է, կրթված է, բայց և այնպես չգտնված բան մը չէ… եթե կկարծե, որ խենթի պես սիրահարված եմ Ռոզիկին, շատ կսխալի… երեսուն տարեկան մարդ մը միամիտ պատանի մը չէ… մեռնելեն ետքը հարստությունը մեզի պիտի ձգե եղեր, այսինքն հավանորեն